Ռուսաստանի ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սերգեյ Դոնչենկոն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել է, որ իրենք պատրաստ են լուծել համաշխարհային ժամանակից 1 վայրկյան հանելու խնդիրը։
Ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վիտալի Պալչիկովի խոսքով՝ վերջին տարիներին Երկրի պտույտի արագությունը անոմալ կերպով աճում է։ Ենթադրվում է, որ մինչև 2029 թվականը այս երևույթի հետևանքները չեզոքացնելու համար հարկ կլինի հանել մեկ վայրկյան։
Նա նշել է, որ Երկիրը մշտապես փոխում է պտտման արագությունը, և ներկայումս գտնվում է արագացման փուլում։ Գիտնականները դեռևս չունեն հստակ պատասխան, թե ինչն է դրա պատճառը։ Դոնչենկոն նշում է, որ հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել մոլորակի տաքացումը, սառցադաշտերի հալոցքը և ջրային զանգվածների վերաբաշխումը։
«Սակայն դա, ամենայն հավանականությամբ, հիմնական պատճառը չէ։ Երկիրը տաքանում է, և մոլորակի ներսում ընթանում են ակտիվ պրոցեսներ։ Հավանական է, որ դա կապ չունի մարդկային գործունեության հետևանքով արտանետումների հետ և դժվար թե լուրջ կատակլիզմի նախանշան լինի»,- եզրափակել է նա։