Ժամանց

Հանրաճանաչ Lonely Planet-ը Հայաստանում նշել է այցելելու համար 12 լավագույն վայրերը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանրաճանաչ Lonely Planet ուղեցույցը մեծ հոդված է նվիրել Հայաստանին և նշել այն վայրերը, որոնք ճանապարհորդներն անպայման պետք է այցելեն։

«Դեպի ծով ելք չունեցող Հայաստանն առաջարկում է հազարամյակների պատմություն ունեցող ավանդույթների, ցնցող լանդշաֆտների և պատմական վայրերի յուրահատուկ խառնուրդ: Այստեղ է գտնվում աշխարհի ամենահին գինեգործարանը և աշխարհի ամենաերկար հետադարձ ճոպանուղին՝ առանց կանգառի»,- գրում է կայքը՝ հավելելով,- «Այցելելով Հայաստան՝ դուք կզարմանաք Երևանի հմայիչ փողոցներով և արվեստի թանգարաններով, Դեբեդի կիրճի ցնցող տեսարաններով, ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող Ալավերդու հիասքանչ վանքերով և Սևանա լճի լազուրե մակերևույթով»:

Ահա Հայաստանում այցելելու լավագույն 12 վայրերը:

1. Երևան

Սա լավագույն վայրն է հայկական ապրելակերպին ծանոթանալու համար։ Այս մայրաքաղաքը լի է հակասություններով. գերժամանակակից Mercedes-ները ճանապարհը կիսում են Lada-ների հետ, որոնք պետք է տեղ գրավեին թանգարանային հավաքածուներում: Խորովածներ մատուցող ավանդական պանդոկները գտնվում են գինու կամ կոկտեյլ բարերի կողքին։

Հանրապետության հրապարակն՝ իր հոյակապ տուֆե գլուխգործոցներով, «վարդագույն քաղաքի» բաբախող սիրտն է։ 

Հայաստանի պատմության թանգարանը պարտադիր այցելության վայր է՝ շնորհիվ իր անսովոր հավաքածուի. դրանք ներառում են մասամբ բրոնզե դարաշրջանի նմուշներ և 5500 տարեկան կաշվե կոշիկը՝ այսպես կոչված աշխարհի ամենահին կոշիկը): Մոտակայքում է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (նույն ինքը՝ Կասկադ համալիր)՝ 572 քարե աստիճաններով և 15 փոքրիկ շատրվանով, որոնք խորհրդանշում են հին Հայաստանի 15 նահանգները։ Քաղաքի գեղեցիկ տեսարանով հիանալու համար օգտվեք շարժասանդուղքներից և բարձրացեք Հաղթանակի զբոսայգի՝ դեպի «Մայր Հայաստան» 22 մետրանոց հոյակապ հուշարձանը:

2. Գյումրի

Հայաստանի ամենահայտնի քաղաքն՝ իր ուրույն ոճով։ Սա Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, մշակութային կենտրոն։ Քաղաքը, որը կառուցվել է 2500 տարի առաջ, ունի հրաբխային տուֆից կառուցված 19-րդ դարի բազմաթիվ տներ՝ հաճախ գունագեղ դռներով: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած Գյումրին կարողացավ վերականգնել իր ճարտարապետական շքեղության մեծ մասը: Քայլեք պատմական փողոցներով, այցելեք պատկերասրահներ, հանդիպեք խանդավառ տեղաբնակներին և ականատես եղեք վերածնունդ ապրող քաղաքի աշխուժացմանը:

Գյումրիի այցեքարտերից է Սուրբ Ամենափրկիչ տաճարը, որը երեսպատված է սև և ծիրանագույն տուֆով և զարդարված գեղեցիկ որմնանկարներով: Հրապարակի մյուս կողմում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ 

Մեկ այլ ուշագրավ շինություն է ազգային ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը՝ բարդ փորագրություններով զարդարված փայտե պատշգամբներով։

Երևանից Գյումրի հասնելու լավագույն և ամենագեղատեսիլ միջոցը արագընթաց գնացքն է, որն աշխատում է միայն հանգստյան օրերին և տևում է երկու ժամից մի փոքր ավելի:

3. Ալավերդի

Այստեղ դուք կարող եք հիանալ հնագույն վանքերով։ Վրաստանին ամենամոտ գտնվող Ալավերդին բավական աննկատ արդյունաբերական քաղաք է, որը գտնվում է Դեբեդ գետի կիրճի մոտ։

10-րդ դարում հիմնադրված Հաղպատը հիասքանչ տեսարաններ ունի։ Մյուսը Սանահինն է՝ տպավորիչ կրոնական համալիր, որը լի է հնագույն խաչքարերով (փորագրված հուշակոթողներով), մատուռներով և միջնադարյան ուսումնական սրահներով, իսկ հետևում գտնվում է մեծ գերեզմանատուն։ Խորհրդային պատմության սիրահարները կարող են այցելել Միկոյանի թանգարան՝ նվիրված Ալավերդիում ծնված եղբայրներին, որոնք ձևավորել են կոմունիստական կայսրության պատմությունը:

4. Դիլիջան

Լավագույնը՝ գեղատեսիլ լեռնային արշավների համար։ 

Եթե անձրևոտ օր է, ապա ավելի լավ է այցելել Դիլիջանի երկրագիտական թանգարան և արվեստի պատկերասրահ: Մուտքը թանկ է, բայց թանգարանն ունի 16-20-րդ դարերի եվրոպական և հայկական արվեստի հավաքածու։

5. Ջերմուկ

Լավագույն վայրը՝ անհոգ SPA հանգստի համար։ Ջերմուկյան օրը մոտավորապես այս տեսքն ունի. արթնացեք շքեղ հանգստավայրում, ապա առողջ նախաճաշեք՝ նախքան բժշկի հետ հանդիպելը: Բժիշկը խորհուրդ կտա մի շարք բուժումներ՝ կախված ձեր հիվանդություններից, սկսած հանքային լոգանքներից մինչև արոմաթերապիա: Պրոցեդուրայից հետո ճաշեք և հանգստացեք լողավազանի մոտ կամ լուռ քայլեք հանգիստ առողջարանային քաղաքում մինչև ջրային պատկերասրահ, որտեղ կարող եք խմել 30-55°C հանքային ջուր: Ճաշեք, ապա կրկնեք ընթացակարգը 18 օր կամ ավելի երկար՝ կախված նրանից, թե որքան ժամանակ է խորհուրդ տալիս բժիշկը:

6. Սևանա լիճ

Այստեղ կարելի է հանգստանալ մաքուր օդին և հիանալ եկեղեցական ճարտարապետությամբ։ Սևանա լիճը Հարավային Կովկասի ամենամեծ լիճն է և աշխարհի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը։ Դրա գույներն ու երանգները կարող են փոխվել արքայական կապույտից մինչև հմայիչ փիրուզագույն, ինչպես Մալդիվներում։ Անպայման այցելեք Սևանավանք՝ Հայաստանի ամենահայտնի վանքերից մեկը, որն ամռանը լեփ-լեցուն է զբոսաշրջիկներով։ Ժամանակին հեթանոսական տաճար է եղել դեպի լիճը նայող բարձունքի վրա, բայց 305թ. այն փոխարինվել է այժմ ավերված եկեղեցով։ Արժե բարձրանալ վանք, որը հիշեցնում է ուխտագնացություն՝ լճի հիասքանչ տեսարանով:

7. Գորիս

Այստեղ ամենաշատ քարանձավներն են։ Գյումրիից բացի, Գորիսում ևս առկա է 19-րդ դարի նախախորհրդային շրջանի հայկական ճարտարապետության լավագույն ընտրանի: Գորիսում գտնվելու ընթացքում քայլեք քաղաքի կախարդական փողոցներով, կանգ առեք՝ լուսանկարվելու նրա «մինի Էյֆելյան աշտարակի» մոտ։

8. Արենի

Գինու համտեսման լավագույն վայրը։ Արենիի մոտակա քարանձավում 6100 տարեկան գինու գործարանի բացումը հավասարազոր էր բարձրագոչ հայտարարության, որ Վրաստանը Հարավային Կովկասի միակ երկիրը չէ, որտեղ գինի են սիրում: Ներկայումս Հայաստանում կա ավելի քան 200 գինի արտադրող, որոնց մեծ մասն աշխատում է Արենիի շրջակայքում գտնվող չոր հողի վրա: Կարող եք այցելել գինու քարանձավ, որտեղ հնագետները շարունակում են պեղումները: Արենի արժե այցելել, եթե անգամ խաղողի ոչ մի թուփ չլիներ։ 

9. Խոր Վիրապի վանք

Լավագույնը՝ Հայաստանի հարուստ քրիստոնեական պատմությանը ծանոթանալու համար։ Հայաստանը հպարտ է, որ իրեն անվանում են աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը: Քրիստոնյա առաքյալների դարձից հետո Գրիգոր Լուսավորիչը հրաժարվեց մասնակցել հեթանոսական ծիսակատարություններին, որը բերեց Տրդատ III թագավորի բարկությունը, որը հերետիկոսին 10 տարով բանտարկեց օձերի փոսի մեջ: Նման դժոխային պայմաններում Գրիգորի գոյատևումն այնքան տպավորեց թագավորին, որ նա հրաժարվեց իր թերահավատությունից և 301թ. ընդունեց քրիստոնեությունը։

Ծանոթացեք պատմությանը առաջին ձեռքից՝ այցելելով Խոր Վիրապի վանք, որտեղ դուք կարող եք իջնել խոշտանգումների փոսը (այժմ այնտեղ օձեր չկան), ինչպես նաև տեսնել Արարատ լեռան տեսարանով բլրի գագաթին գտնվող գեղեցիկ վանքը: Այստեղ դուք կտեսնեք 17-րդ դարի գեղատեսիլ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այցելեք նաև Արտաշատ՝ մ.թ.ա. 2-րդ դարում հիմնադրված Տրդատ մայրաքաղաքի ավերակները:

10. Տաթև

Լավագույն վայրը՝ կիրճի տեսարանների համար։ Տաթևը գտնվում է 1600 մետր բարձրությամբ սարահարթակի վրա, որը նայում է Որոտան գետին: Այցելեք «Տաթևեր» ճոպանուղով, որն աշխարհի ամենաերկար հետադարձ, առանց կանգառի ճոպանուղին է: Անցեք մյուս կողմ՝ 4-րդ դարում հիմնադրված Տաթևի վանքը։ 9-րդ դարում սյունյաց եպիսկոպոսները կառուցել են գլխավոր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին՝ գմբեթով, որտեղ պահվում են կարևոր մասունքներ։ Ներքին բակում ուշադրություն դարձրեք 8 մ բարձրությամբ ութանկյուն սյունին: 2018 թվականին վերականգնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում կյանքի է կոչվել Տաթևի վանքը, և այժմ այն Հայաստանի ամենահայտնի վանքերից մեկն է, որտեղ հավատացյալները գրեթե ամեն օր հերթ են կանգնում օրհնություն ստանալու համար: 

11. Նորավանք

Լավագույնը՝ միջնադարյան շքեղության համար։ Նորավանքը հիմնադրվել է Հովհաննես եպիսկոպոսի կողմից՝ 1205թ.։ Համալիրը ներառում է հայ ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի գլուխգործոցը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին (1339), որը վերակառուցվել է 1990-ականների լայնածավալ վերանորոգման աշխատանքների ընթացքում: Տեսությունն այն է, որ Մոմիկը աստիճանները նեղացրել է՝ ի նշան հավատի (դրանցով բարձրանալը հեշտ չէ) և չար արարածներից հեռու պահելու համար: Ցավոք, այցելուներն այլևս չեն կարող բարձրանալ, քանի որ անընդհատ ընկնում են, և 800-ամյա ժայռերը շատ փխրուն են, բայց դուք կարող եք (և պետք է) քայլել հիմնական հարկով: Եկեղեցիներից այն կողմ կան բազմաթիվ բարդ խաչքարեր և Մոմիկին նվիրված թանգարան։ Թանգարանում ներկայացված են Մոմիկի նկարների լուսապատճենները հնագույն գրքերից, որոնք ներկայումս պահվում են Երևանի Մատենադարանում, Նորավանքում հայտնաբերված մետաղադրամները և բուժիչ յուղերի պատրաստման համար օգտագործվող բաղադրիչները, որոնք մինչ օրս օգտագործվում են Հայ Առաքելական եկեղեցու արարողությունների ժամանակ: Տեղեկատվությունը սահմանափակ է, ուստի տոմսարկղի աշխատակցին խնդրեք էքսկուրսիա կազմակերպել: 

12. Գառնու տաճար և Գեղարդի վանք

Նախաքրիստոնեական ժառանգությունը ուսումնասիրելու լավագույն վայրը։ Երևանից դեպի արևելք, մեկ ժամից էլ քիչ հեռավորության վրա են գտնվում Հայաստանի երկու ամենատպավորիչ վայրերը՝ Գառնու տաճարը և Գեղարդի վանքը: 

Գառնիի տաճարը 2000-ամյա հռոմեական ոճի սյուներով զարմանալի տաճար է, որը կառուցվել է մ.թ. 77-ին և վերակառուցվել 1969-75 թթ, երբ ավերվել էր բազում երկրաշարժերի և արշավանքների հետևանքով: Ներքևում՝ Գառնու ձորում, գտնվում են բազալտե սյուներից կազմված ժայռեր, որոնք նման են երգեհոնի խողովակների, այստեղից էլ անվանումը՝ «Քարերի սիմֆոնիա»։ Քայլեք ազատ կամրջի մոտ գտնվող նոր սալահատակ արահետով՝ լավագույն լուսանկարների համար: Ձեր էքսկուրսիան կամ մեքենայով ուղևորությունը կավարտվի Հայաստանում քրիստոնեության առաջին օրերին հիմնադրված, ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գեղարդի վանքում: 

Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը