Ժամանց

Warner Bros-ը կանցկացնի «Հարրի Փոթերի» ստեղծմանը նվիրված շրջագայություն

Ամերիկյան Warner Bros ժամանցային ընկերությունը պատրաստվում է 2027թ. Շանհայում անցկացնել «Հարրի Փոթերի ստեղծումը» տաղավարային շրջագայությունը։

Չինաստանի խոշորագույն տուրիստական և հյուրանոցային ընկերությունը՝ Jin Jiang International Holdings-ը, հաստատել Է Warner Bros-ի հետ համատեղ ձեռնարկության համաձայնագրի ստորագրումը: Այն կստեղծվի Շանհայի Jingjiang զվարճանքի պարկում, որն իր տեսակի մեջ առաջինը կլինի Չինաստանում և երրորդը՝ աշխարհում:

Նախագիծը դեռ հաստատման փուլում է: Նախատեսվում է, որ այն կզբաղեցնի շուրջ 5.3 հա տարածք՝ ներառելով ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներ: Շրջագայությունը կտևի մոտ կես օր՝ երկրպագուներին հնարավորություն ընձեռնելով ծանոթանալ «Հարրի Փոթերի» խորհրդանշական տեսարաններին, տեսնել ֆիլմերում օգտագործված բնօրինակ հագուստները:

Պեկինի «Universal» կինոստուդիայի «Հարրի Փոթերի կախարդական աշխարհը» բաժինը դարձել է այգու ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը: Անցյալ տարի չինական կինոթատրոններում ցուցադրվել է նաև Հարրի Փոթերի մասին 8 ֆիլմ։

«Շանհայում սպասվող «Հարրի Փոթերի ստեղծումը» տաղավարային շրջագայությունը կգրավի ոչ միայն չինացի երկրպագուներին, այլև Ասիայի այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների, ինչը կնպաստի ներգնա զբոսաշրջության հետագա զարգացմանը», - հայտնել է Չինաստանի թեմատիկ պարկերի ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Լին Հուանգզեն։