Ժամանց

Այսօր կրուասանի համաշխարհային օրն է

Հունվարի 30-ը նշվում է որպես կրուասանի համաշխարհային օր։ Կիսալուսնի տեսքով այս շերտավոր բուլկին մեծ սեր ու ճանաչում է ձեռք բերել աշխարհում: 

Չնայած կրուասանը ֆրանսիական խոհանոցի խորհրդանիշերից մեկն է, դրա պատմությունը սկսվել է Ավստրիայում։ 1683 թվականին Օսմանյան կայսրության զորքերը սկսեցին Վիեննայի պաշարումը։ Պաշարված քաղաքում հացաբուլկեղենի խանութներում գիշերը կերակուր էին պատրաստում, որպեսզի առավոտյան հասցնեն բնակիչներին և զորքին: Մի օր տեղացիները պատահաբար հայտնաբերեցին, որ թուրքերը խրամատ են փորում։ Ժամանակին բարձրացված տագնապն օգնեց պաշտպանել քաղաքը։ Այս իրադարձության պատվին հրուշակագործները կիսալուսնի տեսքով խմորեղեն թխեցին։ Դրա տեսքը խոհարարներին հիշեցնում էր հակառակորդի դրոշները։

Կրուասանն՝ այն տեսքով, որով սիրում են մոլորակի տարբեր անկյուններում, հայտնվել է միայն 20-րդ դարասկզբին։

Այսօր կրուասանը համարվում է դասական ֆրանսիական թխվածք, որը հիացնում է իր փխրուն ու շերտավոր կառուցվածքով։