Մոլդովան չի մասնակցի մայիսին շվեյցարական Բազելում կայանալիք «Եվրատեսիլ-2025» երգի եվրոպական մրցույթին: Այս մասին հունվարի 22-ին Քիշնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են TeleRadio-Moldova (TRM) հեռուստառադիոընկերության ներկայացուցիչները։
«Որոշումը հեշտ չէր, բայց ներկա պայմաններում անհրաժեշտ էր։ Այս տարվա ազգային ընտրությունը բացահայտեց որոշակի խնդիրներ, ներառյալ հանրային հետաքրքրության նվազումը և արվեստի համարների ընդհանուր որակը: Դա բացասական ընկալման է հանգեցրել ինչպես մասնագետների, այնպես էլ հասարակության շրջանում, ինչն ընդգծել է ընտրության գործընթացի արմատական բարեփոխման անհրաժեշտությունը», - ասել է Moldova 1 հեռուստաալիքի տնօրեն Կոռնելիու Դուրնեսկուն։