Ժամանց

Ինչն է շահագրգռել Թրամփին Գրենլանդիայում

1814թ. այս օրը՝ հունվարի 14-ին, Նորվեգիան Դանիային զիջեց Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները։ BBC-ն ուշագրավ նյութ է ներկայացրել Գրենլանդիայի վերաբերյալ։ 

Դոնալդ Թրամփը իր առաջին նախագահության ժամանակ փորձեց գնել Գրենլանդիան, բայց Դանիան մերժեց, ինչպես դա տեղի էր ունեցել 80 տարի առաջ: Այժմ Թրամփը վերադարձել է այդ գաղափարին, սակայն այս անգամ՝ սպառնալիքներով։

Անցած հինգ տարվա ընթացքում Գրենլանդիայի ռազմավարական և տնտեսական նշանակությունը միայն աճել է, հատկապես՝ գլոբալ տաքացման, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի և Չինաստանի ռազմական ու տնտեսական դիրքերի ուժեղացման ֆոնին։

Ի՞նչն է հմայել Գրենլանդիայում Թրամփին

Գրենլանդիան հսկայական կղզի է, որի 80%-ը ծածկված է սառույցով, իսկ բնակչությունը կազմում է ընդամենը 60 հզ․ մարդ։ Սակայն կղզին հարուստ է բնական ռեսուրսներով՝ նավթ, ուրան, հազվագյուտ մետաղներ՝ նեոդիմում, պրազեոդիմում, դիսպրոզիում և տերբիում։ Այս նյութերը չափազանց կարևոր են ժամանակակից բարձր տեխնոլոգիաների արտադրության համար, և դրանց մեծ մասն արտահանվում է Չինաստան, որի հետ ԱՄՆ-ն արդեն 8 տարի առևտրային պատերազմ է վարում։ Չինաստանն, ի պատասխան Թրամփի սպառնալիքների, դեկտեմբերին սահմանափակեց որոշ կարևոր մետաղների մատակարարումներն ԱՄՆ-ին։

Գրենլանդիայի ռազմավարական նշանակությունը

Գրենլանդիան գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող Արկտիկայում՝ Եվրոպայից Հս․ Ամերիկա ամենակարճ ճանապարհով։ Այն Դանիայի ինքնավար տարածք է, աշխարհագրորեն մոտ է ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմաբազա ունի դեռ ՍՍՀՄ-ի հետ սառը պատերազմի ժամանակներից, և Պենտագոնը բաց չի թողնում հնարավորությունն՝ ընդլայնել իր ռազմական ներկայությունն Արկտիկայում, Չինաստանին ու Ռուսաստանին դիմակայելու համար։

Ի՞նչ արժե Գրենլանդիան

Ջեֆերսոնը 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայից Լուիզիանան գնել է 15 միլիոն դոլարով, իսկ կես դար անց Ջոնսոնը Ալյասկան ռուսներին է վաճառել երկու անգամ էժան: 1946 թվականին Թրումենը Դանիային առաջարկել էր 100 միլիոն դոլար:

Եթե հաշվի առնենք նաև գնաճը, այս գումարով այսօր հնարավոր չէ ոչ միայն Մանհեթենում տուն գնել, այլև իսլանդական կղզի։ Ճիշտ կլինի համեմատել այս գումարը ԱՄՆ-ում ոչ գյուղատնտեսական հողերի ընթացիկ գների հետ։ 

Փորձագետները կարծում են, որ կղզու արժեքը կարելի է գնահատել առնվազն 1 տրիլիոն դոլար՝ հաշվի առնելով այն ռազմավարական և տնտեսական ներուժը, որն այն ունի։

Սակայն Դանիան չի պատրաստվում վաճառել կղզին, և այդ գումարները նրան պետք չեն։

Բացի այդ, վերջնական որոշումն, այնուամենայնիվ, Գրենլանդիայինն է։ Կղզին արդեն ավելի քան 300 տարի գտնվում է Դանիայի վերահսկողության տակ և դեռ չի փորձել խզել այդ միությունը կամ հրաժարվել Դանիայից ստացվող հարյուր միլիոնավոր դոլարների սուբսիդիաներից։

Պատրաստեց Արման Գալոյանը