Ժամանց

TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր»

TikTok հարթակը հայտարարել է դեռահասների պաշտպանությանն ուղղված նոր միջոցառումների մասին, հայտնում է The Guardian-ը:

Ընկերությունը մինչև 18 տարեկան օգտատերերին կարգելի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր», որոնք փոխում են դեմքի դիմագծերն այնպես, ինչպես դա չի կարող անել կոսմետիկան: Խոսքը «համարձակ գլամուր» տիպի հայտնի էֆեկտների մասին է, որոնք ավելացնում են դիմահարդարում, մեծացնում շուրթերը, փոխում դեմքի ձևը և ձգում հոնքերը։

Նման քայլերը ձեռնարկվել են այն մտահոգության պատճառով, որ ֆիլտրերի օգտագործումը կարող է անհանգստություն առաջացնել և բացասաբար ազդել երեխաների ինքնագնահատականի վրա:

Նորամուծությունները չեն ազդի մնացած ֆիլտրերի վրա, որոնք դեմքին ավելացնում են, օրինակ, նապաստակի ականջներ կամ շան քիթ:

Բացի այդ, TikTok-ն ուժեղացնում է պայքարը մինչև 13 տարեկան օգտատերերի կեղծ հաշիվների դեմ։ Ընկերությունում նախատեսվում է գործարկել նոր ավտոմատացված համակարգեր՝ տարիքային սահմանափակումների խախտումները հայտնաբերելու համար մինչև 2024 թվականի ավարտը:

Եռամսյակային կտրվածքով TikTok-ը հեռացնում է երեխաների մոտ 20 միլիոն հաշիվ, բայց խոստովանում է, որ երբեմն համակարգը սխալմամբ արգելափակում է նաև մեծահասակներին: Նման դեպքերում օգտվողներին խորհուրդ է տրվում կապվել աջակցության ծառայության հետ՝ հաշիվները վերականգնելու համար: