Ռուս բլոգեր Վիկտորյա Զալեսսկայան Threads-ում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է երգչուհի Ալլա Պուգաչովան։ Լուսանկարում երևում է, որ երգչուհին շրջում է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։
Լուսանկարում Պուգաչովան սև կիսավարտիքով և սվիտերով է, միայնակ։ Նրա հետ չեն եղել ոչ երեխաները, ոչ ամուսինը։
Զալեսսկայան խոստովանել է, որ ռուս երգչուհուն նկատել է պատահաբար, երբ ինքը ամուսնու հետ նստած է եղել սրճարանում։ Զույգը մոտեցել է երգչուհուն։ Զրույցի ընթացքում Պուգաչովան երիտասարդներին ասել է, թե քաղաքի որ վայրերը պետք է այցելեն։ Պուգաչովան հրաժարվել է լուսանկարվել բլոգերների հետ, փոխարենը առաջարկել է նրանց միասին լուսանկարել։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Պուգաչովան ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի ու երեխաների հետ մեկնել է Ռուսաստանից։