«Harper's Bazaar» ամսագրի «Տարվա կին» մրցանակին այս տարի արժանացել է Վիկտորիա Բեքհեմը։
Ամերիկյան հայտնի «Harper's Bazaar» ամսագիրը տարբեր ոլորտներում ընտրել է 2024 թվականի ամենանշանավոր կանանց: Այդ ցուցակում ավելի վաղ հայտնվել էր «Բրիջերթոններ» սերիալի աստղ Նիկոլա Կոհլանը, իսկ այս անգամ պարբերականն ընտրել է աստղի, որը մեծ հաջողությունների է հասել նորաձևության ինդուստրիայում:
Վիկտորիա Բեքհեմը դարձել է «Տարվա կին-2024» մրցանակակիր՝ որպես ձեռնարկատեր։ Ինչպես հայտնի է, ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի կինը դիզայներական հագուստի բրենդի սեփականատեր է, իսկ այս տարի նա նաև ներկայացրել է կոսմետիկայի և օծանելիքի հեղինակային շարք:
Պարբերականի տվյալներով՝ Վիկտորիայի ապրանքանիշի վաճառքները վերջին մեկ տարվա ընթացքում աճել են ավելի քան 50%-ով։ Բացի այդ, նրա անունը հաճախ է հայտնվել համաշխարհային ամսագրերի շապիկներին և լրատվամիջոցներում։ Դրա պատճառը վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն էին։ Մասնավորապես, նրա 50-ամյակը, արծաթե հարսանիքը ամուսնու հետ, ինչպես նաև «Էմմի» մրցանակի արժանացած Բեքհեմների ընտանիքի մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան։
«Spice Girl» խմբի նախկին անդամը Լոնդոնում մասնակցել է «Harper's Bazaar» մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը նա մասնակցել է 13-ամյա դստեր՝ Հարփեր Սեվենի հետ։