Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 51 տարրից, համալրվել է ևս 17-ով:
Այդ թվում են ՀՀ համայնքներից ներկայացված՝
«Շիրակի երգիծական բանահյուսությունը»
«Գյումրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը»
«Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը և կիրառումը»
«Սիսիանի և Գորիսի խեցեգործության ավանդույթը և կիրառությունը»
«Մեղվապահության ավանդույթը Ճամբարակ համայնքում»
«Անա նանան քյե ղուրբան» երգը ՀՀ Գեղարքունիքի Սևան համայնքից
«Քաղցր շարոցի պատրաստման ավանդույթը Աշտարակում»
«Տոմաստի պատրաստման և կիրառման ավանդույթը Վարդենիս համայնքում» և այլ արժեքներ:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, որն ասել է. «Կարևոր է ուսումնասիրել համայնքների զարգացման համար կարևոր պատմամշակութային ժառանգությունը, որը դառնում է բնակավայրի զարգացման, տնտեսության և նաև զբոսաշրջության խթանման լավ հիմք: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հուշարձանների, այլև ոչ նյութական մշակութային ժառանգության մասին է, որը մեծ ներուժ ունի թե՛ զբոսաշրջային իմաստով՝ դառնալով տվյալ բնակավայրում ժամանցի, տարաբնույթ ծառայությունների կազմակերպման նոր հեռանկար, թե՛ տնտեսական այլ գործունեության ծավալման իմաստով»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է. «Ըստ էության՝ այս պրոցեսը, որում մենք հերթական քայլն ենք անում, մեծ հաշվով կարելի է անվանել ոչ նյութական արժեքների նյութականացման գործընթաց: Եվ ինչո՞ւ է շատ կարևոր, որովհետև երբ գործ ունենք նյութական արժեքների, հուշարձանների հետ, նրանք ավելի երկարակյաց են, քան ոչ նյութական արժեքները, որոնք կորսվելու մեծ վտանգի և ռիսկի են ենթարկված: Մեր իրականության մեջ այդպիսի շատ հայտնի և առանցքային նշանակություն ունեցող պատմություն կա: Ինչո՞ւ է, ընդհանրապես, մեր իրականության և մեր մշակույթի մեջ Կոմիտաս Վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում: Մի պարզ պատճառով, որ մեր ոչ նյութական ժառանգության մի մասն, ըստ էության, անէանալուց փրկել է, այսինքն՝ գյուղեգյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով և այլն: Այն ժամանակ մենք պետություն չենք ունեցել, բայց հիմա պետություն ունենք, որը պարտավոր է այս մշակութային քաղաքականության ուղղությունն իրականացնել»։