Ցանկացած երկրի մշակույթի բաղկացուցիչն է ազգային խոհանոցը։ Հատկապես, որ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է ոչ միայն այս կամ այն երկրի տեսարժան վայրերը, այլև խոհանոցը։
Իսկ ինչ կարել է ուտել Չինաստանում. եթե ծովամթերքների, կծվի և սուր զգացողությունների սիրահար եք, ապա չինական յուրահատուկ խոհանոցը հենց ձեզ համար է։ Չինական խոհանոցը հարուստ ճաշացանկ ունի՝ մեկը մեկից տարբերվող ու յուրահատուկ։
Radar Armenia-ն ներկայացնում է չինական խոհանոցի զարդը համարվող ամենահայտնի երկու ուտեստները։
Չինացիները ամենայն հպարտությամբ են խոսում պեկինյան բադի մասին։ Այս ուտեստը հայտնի է ոչ միայն Չինաստանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում։
Հայաստանում Չինաստանի դեսպանատան հրավերով Չինաստան այցելած լրագրողների և բլոգերների համար հատուկ կազմակերպվել էր պեկինյան բադի հյուրասիրություն։ Չին խոհարարը ներկայացնում էր, որ պեկինյան բադը մեծ տարածում է գտել դեռևս Յուն կայսրի օրոք։ Չինական ռեստորաններում պեկինյան բադերը ունեն նույն քաշը։ Բադերն այնպես են բազմացնում, որպեսզի սահմանված չափից շատ քաշ չհավաքեն։ Պեկինյան բադը պատրաստելու համար նախ մարինադ են պատրաստում, ապա բադն ամբողջությամբ մարինապատում են, այնուհետև՝ եփում։ Չինական բադը մատուցում են բարակ կտորներով և հատուկ սոուսով։ Իսկ խաշած բադի արգանակով էլ ապուր են պատրաստում, որի համը հիշեցնում է հայկական խաշը։
Չինական խոհանոցի հայտնի ուտեստներից է նաև չինական ինքնաեռը։ Այս ուտեստը պատրաստվում է սեղանին դրված ինքնաեռներում։ Համտեսողներն այն պատրաստում են իրենք իրենց համար։ Յուրաքանչուր մարդու համար սեղանին դրվում է ինքնաեռ։ Բարակ կտրատած մսի կտորները, որոնք պետք է լինեն տավարի, խոզի, գառի և այլն, հատուկ գործիքի օգնությամբ դրվում է տարատեսակ համեմունքներ պարունակող եռացող ջրի մեջ։ Միսը եռացող ջրում թողնում են այնքան ժամանակ, մինչև փոխվի գույնը, այնուհետև չինական փայտիկի օգնությամբ մսի կտորը թաթախում են գետնանուշով և չինական համեմունքներով պատրաստված սոուսի մեջ և վայելում։
Ստորև ներկայացնում ենք չինական խոհանոցից կադրեր, որոնք ֆիքսել է Radar Armenia-ի թղթակիցը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան հրավերով Չինաստան այցելության ժամանակ։
Հայկ Մագոյան