Զբոսաշրջիկների համար ի՞նչ հետաքրքիր վայրեր կան Պեկինում, ո՞ւր այցելի արևելքի մեծ երկրում հայտնված անձը։ Հայաստանում Չինաստանի դեսպանատան հրավերով հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին և բլոգերներին, որոնց թվում էր նաև Radar Armenia-ի թղթակիցը, հնարավորություն էր տրվել այցելել Չինաստան։
Ընդհանրապես, չինացիները շատ հյուրընկալ ժողովուրդ են։ Ամեն ինչ անում են այնպես, որ իրենց երկիր այցելած զբոսաշրջիկը, հյուրը գոհ մնա։ Չինացիները վաղ են արթնանում, որպեսզի կարողանան ժամանակի, կյանքի ռիթմի հետ համահունչ քայլեն։ Ինչպես տեղաբնակներն են ասում, իրենց հաջողության գրավականը ճշտապահությունն ու արագությունն է։ Եվ իսկապես, Պեկինը մի քանի օրում բացահայտելու համար պետք է արագություն և ժամանակի ճիշտ պլանավորում։
Եթե երբևէ մեկնեք Պեկին, ապա անպայման այցելեք չինական Մեծ պատ։ Ինչպես արդեն ներկայացրել ենք, այն համարվում է Չինաստանի այցեքարտերից մեկը։
Բաց չթողնեք նաև Hutong Nanlog-ով՝ Պեկինի հայտնի հնագույն ծառուղով քայլելու հնարավորությունը։
Չինաստանը ինքնատիպ մշակույթ ունի։ Չինացիներն իրենց մշակույթում առանձնացնում և հպարտանում են չինական կրկեսով ու ակրոբատիկ ներկայացումներով, որը համաշխարհային ճանաչում ունի։ Եվ, բնականաբար, Հայաստանից ժամանած հյուրերին զարմացրին նաև դրանով՝ ակրոբատիկա, աճպարարություն, պարային բարդ բեմադրություններ լուսային յուրահատուկ լուծումներով։
Պեկինում բազմաթիվ թանգարաններ կան, որտեղ ներկայացված է Չինաստանի հարուստ հազարամյա պատմությունը։ Հատկապես տպավորիչ էր «Գուգուն» անունը կրող թանգարանը, որը հիմնադրվել է 1925թ․ հոկտեմբերի 10-ին։ Գուգունն ընդգրկված է «Պետության պահպանության տակ գտնվող պատմամշակութային կարևոր հուշարձանների» առաջին կարգի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Պեկինի թանգարանում կարող եք տեսնել մայրաքաղաքի մակետը, քաղաքի պատմությունը։
Չինացիների համար առանձնահատուկ նշանակություն ունի Չինաստանի կոմունիստական կուսակցության պատմության թանգարանը։ Վաղ առավոտյան թանգարան մտնելու համար հազարավոր մարդիկ են հերթ կանգնում։ Մի քանի հարկ ունեցող թանգարանում ներկայացված է Չինաստանի պատմությունը։ Թանգարանում ցուցադրված են ավելի քան 2500 նկար և ավելի քան 3500 ցուցանմուշ: Դրանց թվում են պատմական փաստաթղթեր, զենքի նմուշներ, լուսանկարներ և շատ ավելին։
Հայկ Մագոյան