Ժամանց

Օրիոնի միգամածությունում զույգ մոլորակներ են հայտնաբերվել

Ջեյմս վեբ տիեզերական աստղադիտակը (JWST) հայտնաբերել է Յուպիտերի մեծության «մոլորակներ», որոնք ազատորեն շարժվում են տարածության մեջ և գրավիտացիոն առումով կապված չեն որևէ աստղի հետ․ հայտնում է BBC-ն։

Գիտնականներին հատկապես զարմացրել է այն, որ այդ օբյեկտները կարծես զույգերով են շարժվում։ Ներկայումս աստղագետները փորձում են գտնել դրա բացատրությունը։

Օրիոնի միգամածության նոր մանրամասն ուսումնասիրության ընթացքում գիտնականները, օգտագործելով աստղադիտակը, հայտնաբերել և դիտել են այս օբյեկտների շուրջ 20 զույգ, որոնք կոչվում են «Յուպիտերի զանգվածի երկուական օբյեկտներ» (JuMBO):

Վարկածներից մեկի համաձայն՝ այդ օբյեկտները ձևավորվել են միգամածության այն շրջանում, որտեղ նյութի խտությունը անբավարար է եղել լիարժեք աստղերի ձևավորման համար։

Մյուս կողմից՝ դրանք ձևավորվել են որպես սովորական գազային հսկաներ, բայց հետո տարբեր գրավիտացիոն անկարգությունների արդյունքում դուրս են նետվել իրենց ուղեծիրերից։ 

«Ներկայումս ուղեծրից հարկադիր դուրս գալու վարկածն առավել նախընտրելի է»,- ասել է պրոֆեսոր Մարկ Մաքքոգրինը, որը ղեկավարում էր Օրիոնի միգամածությունը ուսումնասիրող գիտնականների խումբը: