Ժամանց

250 մլն տարի հետո Երկիր մոլորակը կարող է այլևս պիտանի չլինել կյանքի համար

Գիտնական նոր հետազոտությունը կանխատեսում է, որ Երկիր մոլորակի վրա նոր՝ «սուպերմայրցամաքի» ձևավորումը կարող է ոչնչացնել մարդկությունը և կաթնասուններին 250 միլիոն տարի հետո:

Օգտագործելով հեռավոր ապագայի սուպերհամակարգչային կլիմայի առաջին մոդելները՝ Միացյալ Թագավորության «Բրիսթոլի» համալսարանի գիտնականները կանխատեսել են, թե ինչպես կզարգանան կլիմայական ծայրահեղությունները այն բանից հետո, երբ աշխարհի մայրցամաքները միաձուլվեն և ձևավորեն մեկ «սուպերմայրցամաքը»՝ «Pangea Ultima», որը կարող է տեղի ունենալ 250 միլիոն տարի անց:

Նրանք պարզել են, որ «սուպերմայրցամաքում» կլինի չափազանց շոգ և չոր կլիմա՝ գործնականում անբնակելի մարդկանց և կաթնասունների համար, քանի որ նրանք չեն կարողանա դիմակայել չափազանց շոգի երկարատև ազդեցությանը: Հետազոտողները մոդելավորել են ջերմաստիճանի, քամու, անձրևի և խոնավության միտումները «սուպերմայրցամաքի» համար և պարզել, որ ոչ միայն «Pangea Ultima»-ի ձևավորումը կհանգեցնի ավելի կանոնավոր հրաբխային ժայթքումների, ածխաթթու գազի արտանետման և մոլորակի տաքացմանը, այլև արևը կդառնա ավելի պայծառ՝ արտանետելով ավելի շատ էներգիա և բարձրացնելով Երկրի ջերմաստիճանը։

Այս հաշվարկներն արվել են՝ նկատի ունենալով, որ մարդկության գործունեությունը զերծ կմնա ածխաթթու գազի՝ մթնոլորտ հետագա արտանետումներից, սակայն, եթե ներկայիս տեմպերը պահպանվեն, ըստ նույն գիտնականների, իրադարձությունների այսպիսի զարգացումը Երկրի վրա կարող է տեղի ունենալ ավելի արագ տեմպերով, քան 250 մլն տարին։