Հայ երգչուհի Մաշա Մնջոյանը հաղթել է Վիտեբսկում կայացած «Սլավյանսկի բազար» էստրադային երգի միջազգային մրցույթին՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին:
Ինչպես հայտնում են կազմակերպիչները, 28-ամյա երգչուհին Հայաստանի առաջին ներկայացուցիչն է, որը հաղթել է այս մրցույթում: Նա, որպես մրցանակային գումար, կստանա 20 հազար դոլար։
Առաջին մրցութային օրը Մաշան կատարել է Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ և Իգոր Վոզնեսենսկիյիի խոսքերով գրված՝ «Խոստացիր ինձ սեր» երգը՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Իսկ երկրորդ մրցութային օրը, որպես միջազգային հիթ, կատարել է Արետա Ֆրանկլինի «Respect» ստեղծագործությունը՝ արժանանալով 69 միավորի: Արդյունքում՝ Մաշան մրցութային օրերին վաստակել է 135 միավոր՝ դառնալով հեղինակավոր մրցույթի բացարձակ հաղթող և արժանանալով Գրան Պրի մրցանակի:
Առաջին մրցանակին արժանացել է Բելառուսի ներկայացուցիչ Սամիր Էլչիևը, հատուկ մրցանակի է արժանացել Ռուսաստանի ներկայացուցիչ Ելիզավետա Սլուշկինան: Նա մրցույթի երկրորդ մրցանակը կիսել է Իտալիայի ներկայացուցիչ Ագապեի (Agape) հետ։ Երրորդ տեղը կիսել են Կուրալայ Մեյրամբեկը Ղազախստանից և Մալիկա Խակիմովան Ուզբեկստանից:
Իսկ հուլիսի 12-14-ը տեղի է ունեցել «Սլավյանսկի Բազար 2023» ամենամյա մանկական կատարողների 22-րդ երաժշտական հեղինակավոր մրցույթը, որին մասնակցել է 18 երկիր: Հայաստանը ներկայացրել է 10-ամյա Անահիտ Գալստյանը, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
«Սլավյանսկի բազար» միջազգային երգի մրցույթն անցկացվել է հուլիսի 12-17-ը։