Ժամանց

Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում

Հայաստանում այս տարի զբոսաշրջիկները բավական շատ են։ Եվ ամռան ամիսներին Հայաստանի հանգստյան գոտիներում ազատ տեղ գտնելը հեշտ չէ։ Քիչ չեն նաև հայաստանցիները, որոնք սիրում են իրենց հանգիստն անցկացնել տեղի հանգստյան գոտիներում։

Radar Armenia-ն ներկայացնում է Հայաստանի ամենապահանջված հանգստյան գոտիներում՝ Դիլիջանում, Ծաղկաձորում, Ջերմուկում և Սևանում, մեկ գիշեր մնալու արժեքը։

Եվ այսպես, Դիլիջանն, ինչպես ամռան, այնպես էլ ձմռան ամիսներին, զբոսաշրջիկների սիրելի վայրերից է։ Դիլիջանում 200-ին մոտ հյուրանոց ու հյուրատուն է գործում։ Հյուրատներում գներն սկսվում են 15 հազար դրամից և հասնում մինչև 60 հազար դրամի։ Հյուրանոցներում գները սկսվում են 25-30 հազար դրամից և հասնում 100 հազարի սահմանին։

Ծաղկաձորում շուրջ 7 տասնյակից ավելի հյուրանոց ու հյուրատուն կա։ Այս սեզոնին հյուրատներում մեկ գիշերվա համար զբոսաշրջիկը կարող է վճարել՝ սկսած 12 հազար դրամից, իսկ հյուրանոցներում՝ 20-25 հազարից։ Ծաղկաձորում ևս կան հյուրանոցներ, որտեղ մեկ գիշերվա համար վճարի գինը գերազանցում է հարյուր եվրոն՝ կախված սպասարկման որակից ու ծառայություններից։

Ջերմուկի հյուրատներում մեկ օր գիշերելու համար միջինը պետք կգա 15-20 հազար դրամ, իսկ հյուրանոցներում՝ միջինը 25-30 հազար։ Իհարկե, կան մատչելի հյուրանոցներ՝ կրկին կախված սպասարկումից, ծառայություններից ու շենքային պայմաններից։

Ամառվա ընթացքում հայաստանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից է կապուտակ գեղեցկուհին՝ Սևանը։ Հատկապես օգոստոսը Սևանում հանգստանալու համար իդեալական ժամանակահատված է։ Սևանի հյուրանոցներում մեկ գիշեր մնալու համար կարելի վճարել միջինը 20-25 հազար դրամ, իսկ հյուրատներում գները տատանվում են 8-20 հազարի սահմաններում։ 

Նշենք, որ, պայմանավորված զբոսաշրջիկների ակտիվությամբ և պահանջարկով, հյուրանոցներում և հյուրատներում գները փոքր-ինչ թանկացել են։ Բայց լիարժեք հանգստանալու համար արժե, թերևս, գրպանին մի փոքր «նեղություն տալ»։

Հայկ Մագոյան