Համաձայն Առողջապահական կրթության դաշնային կենտրոնի (BZgA) ուսումնասիրության՝ Գերմանիայում երիտասարդները 2021 թվականին ավելի քիչ ալկոհոլ են օգտագործել, քան՝ նախկինում։ 12-25 տարեկանների շրջանում ծխողների տեսակարար կշիռը, մեկ տարուց ավելի է, նվազում է։ Միաժամանակ, աճում է մարիխուանայի «ժողովրդականությունը»։ Նման տվյալներ գերատեսչությունը հրապարակել է հինգշաբթի՝ հունիսի 23-ին։
Ըստ BZgA-ի՝ 2021 թվականին 12-17 տարեկան դեռահասների 8,7%-ը կանոնավոր կերպով ալկոհոլ է օգտագործել, այսինքն՝ շաբաթական առնվազն մեկ անգամ: 2004 թվականի համեմատ, երբ նրանց մասնաբաժինը կազմում էր 21%, այս ցուցանիշը ոչ միայն զգալիորեն իջել է, այլև՝ հասել մոնիտորինգի սկզբից ի վեր ամենացածր մակարդակին։
Մյուս կողմից, Գերմանիայում աճել է կանեփ օգտագործողների թիվը։ 18-25 տարեկանների մասնաբաժինը, որոնք երբևէ կանեփ են ծխել, 2012 թվականի 34,8%-ից 2021-ին հասել է 50,8%-ի: 12-17 տարեկանների մոտ այս ցուցանիշը մնացել է գրեթե անփոփոխ և կազմել է 9,3% (2011թ.՝ 6,7%)։