Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրող ընկերությունը հետ է կանչել մոտ մեկ միլիոն ավտոմեքենա արգելակների հնարավոր խնդիրների պատճառով, շաբաթ օրը՝ հունիսի 4-ին տեղեկացրել է dpa տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով Գերմանիայի դաշնային ավտոտրանսպորտային գերատեսչությանը (KBA)։
KBA-ի տվյալներով՝ հետ են կանչվել ML, GL և R դասի մեքենաները, որոնք արտադրվել են 2004-2015թթ.։ «Արգելակների ուժեղացուցչի կոռոզիան վատագույն դեպքում կարող է հանգեցնել կապի խախտման արգելակի ոտնակի և արգելակի համակարգի միջև։ Դրա հետեւանքով չի գործի աշխատանքային արգելակը»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։ Ամբողջ աշխարհում հետ կկանչվի 993 407 մեքենա, այդ թվում՝ մոտ 70 000 Գերմանիայում։
Mercedes-Benz-ը հաստատել է գերմանական ավտոտրանսպորտային գերատեսչության տեղեկատվությունը՝ հաղորդելով, որ ծայրահեղ դեպքերում մեքենայի արգելակումը աշխատանքային արգելակի օգնությամբ կարող է անհնար լինել։ «Դա բարձրացնում է դժբախտ պատահարների կամ վնասվածքների հավանականությունը»,- նշել է ավտոարտադրողը։
Ընկերությունը մտադիր է ստուգել նշված տրանսպորտային միջոցները, նրանց տերերին մեքենաների՝ արհեստանոցներում գտնվելու ժամանակ, անհրաժեշտության դեպքում, կառաջարկվեն անվճար այլընտրանքային միջոցներ, տեղեկացրել է «Немецкая волна»-ն։
«Մինչև ստուգման պահը մենք մեր հաճախորդներին խնդրում ենք չօգտվել ավտոմեքենաներից»,- տեղեկացրել է Mercedes-Benz-ը։