Քաղաքական

ԵՄ-ն կֆինանսավորի ՀՀ-ում արդյունավետ և հաշվետու ինստիտուտների ստեղծման ծրագիրը

Եվրամիությունը կֆինանսավորի Հայաստանում արդյունավետ և հաշվետու ինստիտուտների ստեղծման 24-ամսյա ծրագիրը՝ հիմնված իրավունքի գերակայության նկատմամբ հարգանքի և պատշաճ կառավարման սկզբունքների վրա: Ծրագիրը համատեղ կիրականացնեն ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA):

Հունվարի 25-ին Երևանում տեղի ունեցավ միջոցառման մեկնարկը, որին մասնակցում էին Հայաստանի կառավարության, դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպան, ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության ներկայացուցիչ Պավել Չեպլակն ասել է, որ ոստիկանության բարեփոխումը հասարակության անվտանգության և կայունության կարևոր հենասսյուներից  մեկն է: 

Ծրագիրն աջակցելու է Հայաստանի կառավարության բարեփոխումներին ոստիկանության, մարդու իրավունքների և սահմանադրության ոլորտներում:

Նախագծի նպատակներն իրականացվելու են երեք բաղադրիչի դրույթների իրագործման միջոցով: Դրանք են՝

Ոստիկանության բարեփոխումները, որոնք իրականացվում են ՄԱԶԾ և ԵԱՀԿ միջոցով՝ արդարադատության նախարարության և ՀՀ կառավարության հետ սերտ գործակցությամբ: Այն ներառելու է ոստիկանության ընթացիկ բարեփոխումների աջակցությունը, կրթական համակարգի բարեփոխումները և ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացին աջակցությունը: ԵԱՀԿ աջակցությունը կենտրոնանալու է ոստիկանության կրթական բարեփախման ուղղությամբ, նպաստելու է համայնքային ոստիկանության կայացմանը, ինչպես նաև ներքին գործերի նախարարության ստեղծմանը:  

Մարդու իրավունքների պաշտպանության բաղադրիչն իրագործելու են ՄԱԾՍ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը: Այն կենտրոնանալու է ՀՀ մարդու իրավվունքների պաշտպանի և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակների կարողությունների զարգացման ուղղությամբ: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև կրթական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրազեկության բարձրացումը, Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների պլանի մշտադիտարկման և գնահատման մեխանիզմների ստեղծումը:

Սահմանադրական բարեփոխումների բաղադրիչն իրականացնելու է ՄԱԶԾ-ն: Այն նպատակ է ունենալու բարելավել սահմանադրական բարեփոխման գործընթացը՝ առանցքային ազգային դերակատարների հզորացման, ինչպես նաև փորձագիտական խորհրդատվության ու լավագույն փորձի փոխանակման միջոցով: 

Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը կնպաստի ոստիկանության բարեփոխումների ջանքերին և մասամբ կֆինանսավորի ԵԱՀԿ-ին հասարակական կարգի պահպանման բարեփոխումների հարցում: