Տեսակետ

ԵՄ-ն գերադասում է գազային գործարքները, թե՞ ժողովրդավարական արժեքները

Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Օրերս հայտնի դարձավ, որ ԵՄ-ն Ադրբեջանին կհատկացնի 2 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական փաթեթ: Դրա մասին հայտնել էր ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ: Հաղորդագրության մեջ հստակեցված չէր, թե կոնկրետ ինչ նպատակներով է նման գումար հատկացվում Ադրբեջանին: Հիշեցնեմ, որ Ադրբեջանի բռնապետ Ալիևը մի քանի անգամ հրապարակային բողոքել էր և հայտարարել, որ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 2․6 մլրդ եվրո աջակցությանը անարդար է: Անցյալ տարվա դրությամբ ԵՄ-ն Ադրբեջանին հատկացնելու էր 150 մլն եվրո, և հստակ չէր, թե դա երբ է տեղի ունենալու: Այսպիսով, Բաքվի բռնապետի հրապարակային բողոքները զուգահեռվել են նաև կազմակերպված աշխատանքով, որի շնորհիվ Ադրբեջանը հասել է իր նպատակին՝ 2 միլիարդ գումար ստանալով ԵՄ-ից: 

Դրան զուգահեռ արձանագրենք, որ ԵՄ-ի Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը օրերս Բաքվում էր, մասնակցում էր Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 8-րդ նախարարական հանդիպմանը: Սիմսոնը դեռ հունվար ամսին հայտարարել էր, որ մտադիր է փետրվարի սկզբին բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, որպեսզի քննարկի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը: 

Այսպիսով, մինչ ներհայաստանյան տիրույթում շարունակվում են փոխադարձ մեղադրանքները, երկրի ղեկավարության կողմից ղարաբաղյան հակամարտության խեղաթյուրման և ամբողջ բանակցային գործընթացի նենգափոխմանն ուղղված համառ ջանքերը, ընդդիմադիրների «կապիտուլացված, ջախջախված երկիր ենք» չդադարող տեքստերը, Արցախի թեմայից գաղափար չունեցող մարդկանց անհեթեթ մեկնաբանությունները, մեր հակառակորդ հարևանները իրենց խնդիրներն են արագորեն լուծում: ԵՄ-ն էլ, իր հերթին, ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները և այն բոլոր գաղափարները, որոնք դարձրել է դրոշակ իր համար և համարում է արժեքային առումով առաջնահերթ, արագորեն անտեսում է, երբ խոսքը գնում է բռնապետական և ագրեսոր երկրի հետ գազային գործարքի մասին: Ադրբեջանը այն պետությունն է, որը ավելի քան մեկ տարի որպես պատանդ է պահում մեր ռազմագերիներին՝  դարձնելով նրանց «սակարկման առարկա»:  Սա խոստովանել է Ադրբեջանի նախագահ Ալիևը Թուրքիայի նախագահի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ իր հայտնի զրույցի ժամանակ, երբ վերջինս խորհուրդ էր տալիս Ալիևին «մաս-մաս վերադարձնել հայ ռազմագերիներին»: Իսկ այժմ բռնապետական, ագրեսոր այս պետությունը, որտեղ որևէ խոսք չի կարող գնալ մարդու իրավունքների մասին, 2 միլիարդ գումար կստանա ժողովրդավարական արժեքներ քարոզող, բայց գազային գործարքները գերադասող ԵՄ-ի կողմից: 

ԵՄ-ն, որը խոսում է տասնամյակներ առաջ ատելության և ֆաշիզմի հաղթահարման իր փորձի մասին, այժմ ակտիվորեն օժանդակում է մի պետության, որտեղ հայի հանդեպ պետական մակարդակով ատելություն է քարոզվում: Մեր տարածաշրջանում քսենոֆոբիա քարոզող այս պետության ղեկավարը «Ռազմավարի պուրակ» է բացում և երեխաներին կրթում հայի հանդեպ ատելության քարոզով: Ահա թե ինչպիսի պետության է ֆինանսավորում ժողովրդավարական արժեքներ կրող ու այլատյացության քարոզի դեմ պայքարող ԵՄ-ն»: