Հասարակություն

Էլեկտրաէներգիան փետրվարի 1-ից թանկանում է

Փետրվարի 1-ից Հայաստանի քաղաքացիները մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի համար կվճարեն միջինը 4.7 դրամ ավելի շատ։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ դեռ տարեվեջին ընդունած որոշումը։

Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագները հաշվարկվում և սահմանվում են ըստ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով ամրագրված սկզբունքների։

Ըստ ՀԾԿՀ-ի՝ 2021թ. փետրվարի 1-ից մինչև 2022թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վրա ազդեցություն ունեցող հիմնական գործոնները էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի, արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի, ՋԷԿ-երին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխություններն են։ Հոսանքի թանկացման պատճառներից են նաև ատոմակայանի արդիականացման համար վերցված 270 միլիոն դոլարի վարկն ու ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված պարտավորությունները։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն՝ ամսական մինչև 200 կիլովատտ հոսանք սպառողների համար սակագինը կբարձրանա 1.5 դրամով, 200-400 կՎտ/ժ սպառողների համար՝ 3.5, իսկ 400 կՎտ/ժ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառողները 5.5 դրամ ավելի կվճարեն։ Հոսանքի գինը նույնը կմնա սոցիալապես անապահովների համար։ Բնակիչների համար այժմ գործում է ցերեկայինի համար 45 դրամ սակագինը, իսկ գիշերայինի համար՝ 35 դրամը։

Հունվարից թանկացել է նաև ջուրը և ենթադրվում է, որ երեք ամսից կթանկանա նաև գազը։ Ռուսական «Գազպրոմ Արմենիան» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ Հայաստանում բնական գազի սակագները ապրիլի 1-ից միջինը 6 տոկոսով բարձրացնելու համար:

Ըստ տնտեսագետների՝ կոմունալ ծախսերի ավելացումը կազդի ողջ տնտեսության վրա, իսկ գնաճի տեմպերը կարագանան։