Վերջին մի քանի տարիներին մարդիկ, հատկապես՝ նոր սերունդները, բարձրաձայնում են, որ շատ ժամանակ չի մնացել իրենց ապագան փրկելու համար։ Գիտնականները մեզ զգուշացրել են սառցադաշտերի հալման, օվկիանոսներում պլաստիկի կղզիների, ամբողջ էկոհամակարգերի կորստի մասին։ Բայց հիմա մենք մեր մաշկի վրա ենք զգում կլիմայի փոփոխության հետևանքները: Արվեստի աշխարհն էլ է որոշել իր մասնակցությունն ունենալ այս պայքարին։ Շատ արվեստագետներ՝ քանդակագործներից մինչև փողոցային նկարիչներ, նոր ուղիներ են հայտնաբերում՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:
1. Հին նյութերի վերամշակում. Վիկ Մունիզ
Վիկ Մունիզը բրազիլացի նկարիչ է, ով արվեստ է ստեղծում ամենաարտասովոր նյութերից՝ հին ամսագրեր, շոկոլադե օշարակ, շաքար, բամբակ, փոշի, աղբ: Մունիզը, աշխատելուց հետո, լուսանկարում է կոմպոզիցիան և տպում նկարները սահմանափակ քանակությամբ՝ օգտագործելով Cibachrome տեխնիկան։ Նրա ամենահետաքրքիր նախագծերից մեկը աղբի նկարներն է, որը 2010 թվականին Օսկարի առաջադրված «Waste Land» վավերագրական ֆիլմի թեման էր:
Մունիզն այս նախագիծն իրականացրել է երկու տարվա ընթացքում՝ Դուկ դե Կաքսիաս քաղաքում, որտեղ գտնվում է ամենամեծ բացօթյա աղբավայրերից մեկը: Նկարիչը լսել և լուսանկարել է մարդկանց, ովքեր իրենց ապրուստը վաստակում են՝ աղբավայրում գտած վերամշակող նյութերը հավաքելով և վաճառելով:
Նա ավելի քան 3 տոննա աղբ է օգտագործել՝ հսկայական քանդակ-դիմանկարներ պատրաստելու համար, և լուսանկարել դրանք։ Նկարները աճուրդի են հանվել կամ վաճառվել ցուցահանդեսներին 300․000 դոլարով։ Հասույթը փոխանցվել է Ժարդիմ Գրամաչոյի Մետրոպոլիտեն աղբավայրի աղբ հավաքողների ասոցիացիային, որոնց հետ համագործակցությամբ էր ստեղծվել այս ծրագիրը։
Մունիզը կարծում է, որ արվեստը կարող է վերափոխել աղբը, բայց նաև հասարակության մի մասի կյանքը, որն անտեսված է մնացել։ Waste Land-ը մեծ լուսաբանում ստացավ մամուլում, որը փոխեց աղբ հավաքողների կյանքը նրանց շրջակա միջավայրում:
2. Նոր տեխնոլոգիաների կիրառում․ Airlite և հակասմոգի գրաֆիտի
Airlite-ը ծնվել է Իտալիայում 2013 թվականին։ Այն շուկայում միակ ներկն է, որը վերացնում է բակտերիաները, նվազեցնում աղտոտիչները (NOx, SOx, NH3, CO) և ներկված մակերեսի ջերմաստիճանը՝ նվազեցնելով օդորակման ծախսերը ամենաթեժ ամիսներին: Այն ստեղծվել է իտալական Advanced Materials ստարտափի կողմից, որը որոշել է օգտագործել իր գյուտը Air is Art հիմնադրամի համար:
Air is Art-ն աջակցում է քաղաքային նախագծերին, որոնք համատեղում են արվեստն ու էկոլոգիան: Տարիների ընթացքում Airlite-ով արված բազմաթիվ որմնանկարներ են հայտնվել ամբողջ Իտալիայում։ Airlite-ով ներկված մակերեսի մեկ քառակուսի մետրը մաքրում է օդը, ինչպես դա կմաքրի անտառի մեկ քառակուսի մետրը:
Airlite-ի որմնանկարները կարող եք գտնել ոչ միայն Հռոմում և Միլանում, այլև՝ Պադուայում, Վենետիկում, Աբանո Թերմեում և Ռոնկադելում: Ավելին, Airlite-ը վերջերս սկսել է ներկել միջազգային պատերը։ 2019 թվականին ֆրանսիական Pernod Ricard ընկերությունը պատվիրել է երեք հսկայական որմնանկարներ՝ Մեխիկոյում Absolut Street Trees նախագծի համար, 2000 քառակուսի մետր ընդհանուր ներկված մակերեսով:
3. Բնապահպանական իրազեկման խթանում
2020 թվականի սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում տարօրինակ բան տեղի ունեցավ. Metronome էլեկտրոնային ժամացույցը Մանհեթենի Square Union-ում դադարեց ցույց տալ ժամանակը: Փոխարենը ցուցատախտակի վրա հայտնվեցին «Երկիրն ունի վերջնաժամկետ» և «Մոլորակն ունի ածխածնի հատելի սահման» հաղորդագրությունները։ Հաղորդագրությանը հաջորդեցին որոշ թվեր՝ 7:103:15:40:07:
Այդ թվերը մեզ ցույց են տալիս, թե որքան ժամանակ ունի մարդկությունը՝ մինչև կլիմայական գլոբալ աղետը, և որքան ժամանակ է մնացել՝ աղետը կանխելու համար: Կլիմայական ժամացույցը նախագծած երկու նկարիչները՝ Գան Գոլանը և Էնդրյու Բոյդը, այն հիմնել են Բեռլինի Գլոբալ ընդհանրությունների և կլիմայի փոփոխության Mercator հետազոտական ինստիտուտի հաշվարկների վրա։
Այս նախագիծն ուղղված է կլիմայական ճգնաժամի մասին իրազեկվածության բարձրացմանը, և այդ պատճառով նրանք այն տեղադրեցին աշխարհի ամենաբանուկ քաղաքներից մեկի հանրային տարածքում: Նաև պարզ դարձավ, որ Climate Clock-ը կարող է կրկնօրինակվել և տարածվել աշխարհով մեկ: