Մոսկվայի կենտրոնում կտեղադրվի ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնի հուշարձանը։ Համապատասխան հնձնարարությունը տվել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Մոսկվայի ղեկավարությունը 45 միլիոն ռուբլու չափով դրամաշնորհ կհատկացնի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին նվիրված հուշարձանի պատրասման ու տեղադրման, ինչպես նաեւ հարակից տարածքի բարեկարգման համար»,- հայտնել է մամուլի ծառայությունը։
Հուշարձանը Մոսկվայում Կոբզոնին նվիրված երրորդ խորհրդանիշը կդառնա։ Երաժշտության ռուսական ակադեմիայի շենքին արդեն իսկ հուշատախտակ է տեղադրված, շրջաններից մեկում միջափողոցը ստացել է նրա անունը։