Աֆրիկայի արևելյան ափին գտնվող Տանզանիան հայտնի է որպես զբոսաշրջության հիասքանչ վայր՝ հայտնի զուլալ լողափերով ողողվող Զանզիբար կղզով, վայրի գազանների երամակներով լի Սերենգետի բաց հարթավայրերով, Քարե քաղաքի արաբական գեղեցիկ տներով ևն։
1. Ե՞րբ գնալ Տանզանիա
Տանզանիա ճամփորդելիս հարմար ժամանակ պետք է ընտրել՝ ելնելով նրանից, թե ինչ հանգիստ եք պլանավորում։ Եթե ցանկանում եք գնալ ընտանեկան սաֆարիի կամ պառկել Զանզիբարի լողափերին՝ գարնանը տեղացող անձրևներից հեռու, Տանզանիա այցելելու լավագույն ժամանակը հունիսից հոկտեմբերն է: Զեբրերի և գազելների հոտերը սովորաբար Սերենգետ են գաղթում մայիսից մինչև հուլիս, իսկ ձագ ունենում են հունվարից փետրվար:
Ավելի ակտիվ ճանապարհորդների համար, ովքեր գնում են Տանզանիա՝ նվաճելու Կիլիմանջարո լեռը, լավագույն ժամանակը հունվար-մարտ և հունիս-հոկտեմբեր ամիսներն են, երբ եղանակն ավելի զով է: Թեև Հյուսիսային շրջանի զբոսայգիները կարող են մարդաշատ լինել հուլիս-մարտ ժամանակահատվածում, հարավային և արևմտյան շրջանների զբոսայգիները կլոր տարին սակավամարդ են:
2.Ուր այցելել Տանզանիայում
Տանզանիան բավականին շատ է վաստակում զբոսաշրջությունից և ունի բազմաթիվ տեսարժան վայրեր: Արև և սերֆինգ փնտրողները կարող են վայելել Զանզիբար և Պեմբա կղզիների լողափերը: Նրանք կարող են նաև խորը ջրերում սուզվել և սնորքլինգով զբաղվել Մաֆիա կղզու ջրերում և հիանալ տեղի ծովային պարկի կորալներով ու ստորջրյա աշխարհով։ Նրանք, ովքեր ավելի էքստրեմալ հանգիստ են նախընտրում, կարող են իրենց ուժերը փորձել՝ Կիլիմանջարո լեռը նվաճելով։
Եթե ձեզ հետաքրքրում է վայրի բնությունը, կարող եք այցելել Նգորոնգորոյի արգելոց, որտեղ ապրում են հազարավոր կենդանիներ՝ առյուծներ, գետաձիեր, ֆլամինգոներ և այլն: Կարող եք նաև այցելել Մանիարա լճի ազգային պարկ, որտեղ ապրում են բազմատեսակ թռչուններ և մեծ թվով բաբուիններ:
Հնագիտությամբ հետաքրքրվողների համար Նգորոնգորոյի պահպանության տարածքում գտնվող Օլդուվայի կիրճը հետաքրքիր այցելավայր կլինի։ Այն պարունակում է մարդու բնակության հնագույն ապացույցներից մի քանիսը, որոնք մինչև երկու միլիոն տարվա են։
3. Տանզանիայի վիզա
Տանզանիա մեկնելիս դուք կարող եք ստանալ տուրիստական վիզա, որը ձեռք բերելու գործընթացը բավականին պարզ է: Այնուամենայնիվ, վիզայի դիմումը պետք է ուղարկել պլանավորված ուղևորությունից առնվազն երկու շաբաթ առաջ՝ խնդիրներից խուսափելու համար: Տուրիստական վիզան ուժի մեջ է 90 օր, և նրանց, ովքեր ունեն այն, թույլատրվում է երկիր գալ միայն մեկ այցի համար:
Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի վավեր միջազգային անձնագիր, որի ժամկետը չի սպառվի դիմումից առնվազն վեց ամսվա ընթացքում, ինչպես նաև՝ անձնագրային լուսանկարներ և վիզան ստանալու սահմանված վճար:
4. Դրամը և լեզուն
Տանզանիայում լավ ժամանակ անցկացնելու համար կլորիկ գումար պետք է նախատեսել: Երկրի պաշտոնական արժույթը Տանզանիայի շիլլինգն է, որը կարող եք ստանալ տեղի ցանկացած բանկոմատից: Որպես այլընտրանք՝ կարող եք օդանավակայանում փոխարկել ձեր տեղական արժույթը ամերիկյան դոլարի։
Լավագույն փորձի համար շիլինգ կամ դոլար ունեցեք ձեզ մոտ՝ շուկաներ կամ փոքր խանութներ այցելելիս, բայց մեծ խանութներում կարող եք նաև քարտով վճարում կատարել: Ինչ վերաբերում է տեղացիների հետ շփվելուն, ապա ձեզ թարգմանիչ պետք կլինի, քանի որ բնակչության միայն փոքր տոկոսն է խոսում անգլերեն։ Ամբողջ երկրում խոսվում է ավելի քան 120 լեզվով: Իհարկե, հյուրանոցների և տուրօպերատորների անձնակազմները խոսում են անգլերեն, այնպես որ՝ հյուրանոց ժամանելիս կամ շրջագայության/սաֆարիի գնալիս կարիք չունեք անհանգստանալու:
5. Անվտանգությունը Տանզանիայում
Տանզանիա ճանապարհորդելիս կարևոր է մշտապես ուշադիր լինել ձեր շուրջը կատարվողին և խելամիտ լինել: Թեև երկրում ընդհանուր հանցավորության մակարդակը ցածր է, այնուամենայնիվ, կողոպուտների և բռնության դեպքեր հանդիպում են: Զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում միայնակ զբոսնել, այլ տեղաշարժվել խմբերով՝ տեղացու ուղեկցությամբ:
Լրացուցիչ զգուշության համար ճանապարհորդները միշտ պետք է մտածեն իրենց երկրներից մեկնելուց առաջ ճամփորդական ապահովագրություն ձեռք բերելու մասին: