«Pink Floyd» խումբը թողարկել է իր նոր՝ «Hey, Hey, Rise Up!» («Հեյ, հեյ, վե՛ր կացեք») երգը, որը ստեղծվել է ուկրաինական «Boombox» խմբի մենակատար Անդրեյ Խլիվնյուկի հետ համագործակցության արդյունքում: Մասնավորապես, երգում օգտագործվել է Խլիվնյուկի վոկալային կատարումը, որը նա հրապարակել էր իր ինստագրամյան էջում՝ ներկայացնելով այս տարի Սուրբ Սոֆիա հրապարակում իր կատարած ուկրաինական, հայրենասիրական «Օ՛, կարմիր կալինա» երգը:
«Pink Floyd»-ը ձայնագրել է այս երգը մարտի 30-ին: Երգի տեսահոլովակը նկարահանվել է նույն օրը, ռեժիսորն է Մեթ Ուայթքրոսը: Սա խմբի առաջին երգն է՝ 1994 թվականին ձայնագրած «The Division Bell»-ից հետո: Երգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Ուկրաինայի մարդասիրական հիմնադրամին:
Անցած ամիս խումբը հեռացրեց իր երգերի մի մասը ռուսական և բելառուսական թվային հարթակներից՝ այդպիսով իր համերաշխությունը ցուցաբերելով Ուկրաինային: Խմբի անդամ Գիլմորը հույս հայտնեց, որ այս երգը լայն ճանաչում ձեռք կբերի հանրության շրջանում, և, այդպիսով, կկարողանան գումարներ հանգանակել մարդասիրական նպատակների համար: Իր աջակցությամբ խումբը ցանկանում է արտահայտել իր վրդովմունքը՝ գերտերության կողմից անկախ, ժողովրդավարական երկիր ներխուժման առիթով: