Աշխարհի 13-րդ ամենահարուստ կինը (18,2 միլիարդ դոլար)՝ Ֆան Հոնգվեյը, նախագահում է Չինաստանում նավթի զտման և քիմիական մանրաթելեր արտադրող «Hengli Petrochemical» ընկերությունը: Ֆանի կարողությունը, մեկ տարի առաջվա համեմատ, անփոփոխ է մնացել:
Շվեյցարիում բնակվող Ռաֆայելա Ապոնտեն (16,8 միլիարդ դոլար, որը նա կիսում է իր ամուսնու հետ) և նրա ամուսինը՝ Ջիանլուիջին, 1970 թվականին հիմնադրել են միջերկրածովյան ավազանում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն: Այժմ այն ունի 600 նավ՝ 155 երկրներում, և առաջինն է աշխարհում ծովային բեռնափոխադրումների իրականացման ոլորտում: Ամուսնական զույգի այս տարվա շահույթը կազմել է մոտ 6,1 միլիարդ դոլար, քանի որ գլոբալ մատակարարման շղթայի հետ կապված խնդիրները մեծացրել են կոնտեյներային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների շահույթը:
Նախկին լրագրող Վու Յաջունը (15,3 միլիարդ դոլար) 1993 թվականին, իր նախկին ամուսնու հետ, ստեղծել է անշարժ գույքով զբաղվող «Longfor Properties» ընկերությունը: Հոնկոնգում գրանցված ընկերությունը հայտնի է Չինաստանում իր 61 առևտրի կենտրոններով: 2018 թվականին նա իր բաժնեմասի 44%-ը փոխանցել է դստերը՝ Կաի Սինյիին:
Ամերիկայի ամենահարուստ կինը՝ Դայան Հենդրիքսը (10,7 միլիարդ դոլար) գլխավորում է «ABC Supply»-ը, որը տանիքների նյութերի ամենամեծ մատակարարն է ԱՄՆ-ում: Հենդրիքսը, որը 1982 թ., իր հանգուցյալ ամուսնու հետ, հիմնեց այդ բիզնեսը, զարգացրեց ընկերությունը՝ երեք վաճառակետից հասցնելով 811-ի և տարեկան ապահովելով 12 միլիարդ դոլարից ավելի եկամուտ։
Եվս մեկ ազդեցիկ զույգ են Ջուդի և Թոմ Լովը (միասին ունեն 9,7 միլիարդ դոլար), որոնք 1964 թվականին հիմնադրեցին «Love's Travel Stops&Country Stores» մանրածախ վաճառքի կետերը և բենզալցակայանները: Ջուդին զբաղվել է հաշվապահական մասով և մինչ օրս էլ զբաղեցնում է այդ բիզնեսի գործադիր քարտուղարի պաշտոնը։ Ընկերությունն ունի ավելի քան 550 խանութ՝ 41 նահանգներում, և 32 հզ աշխատող։
Վանգ Լայչունը (9,5 միլիարդ դոլար) Չինաստանում մալուխների և միակցիչների արտադրությամբ զբաղվող «Luxshare Precision Industry» ընկերության նախագահն ու համահիմնադիրն է։ Նրա ամենախոշոր հաճախորդներից մեկն «Apple» ընկերությունն է, որին «Luxshare»-ը մատակարարում է միակցիչ մալուխներ՝ AirPods-ի համար: Վանգը բիզնեսը սկսել է եղբոր հետ՝ 2004 թվականին, և 2010-ին հրապարակայնորեն գնել է այն Շենզենի արժեթղթերի շուկայում:
Քիմիայի նախկին ուսուցչուհի Ժոնգ Հույջուանը (8,1 միլիարդ դոլար) 2015 թվականին հիմնադրել է Հոնկոնգում գրանցված «Hansoh» դեղագործական ընկերությունը: Նրան է պատկանում բաժնետոմսերի ավելի քան 3/4-ը:
Լինդա Ռեզնիկը (8 միլիարդ դոլար, որը կիսում է իր ամուսնու հետ) «Wonderful Company»-ի փոխնախագահն է՝ այն ընկերությունների խմբի, որոնց են պատկանում այնպիսի հայտնի սննդային արտադրանքներ, ինչպիսիք են «Wonderful Pistachios»-ը, «Pom Wonderful»-ը, «Mandarin Halos»-ը և «Fiji Water»-ը: Նա և իր ամուսին Ստյուարտը բիզնեսը հիմնել են 1970-ականների վերջերին: Ռեզնիկը վերահսկում է մարքեթինգի և արտադրանքի զարգացումը։ Նա «Ծաղիկները նվերի մեջ» անվանակարգում ստացել է «Ոսկե Էֆֆի» մրցանակ՝ իր Teleflora գովազդի համար:
Գործարանի նախկին բանվորուհի Ժու Քունֆեյը (7,1 միլիարդ դոլար) «Lens Technology» ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, որը սմարթֆոնների էկրաններ է մատակարարում այնպիսի հանրահայտ բրենդների, ինչպիսիք են «Samsung»-ը, «LG»-ն և «Microsoft»-ը: 2015թ. նա աշխարհի՝ ինքն իրենով կայացած ամենահարուստ կինը դարձավ այն բանից հետո, երբ, նախնական հանրային առաջարկի շնորհիվ, բաժնետոմսերի գինը քառապատկվեց։ Սակայն անցած տարի Քունֆեյը կորցրել է իր հարստության կեսից ավելին, քանի որ 2021թ. մարտից ի վեր «Lens Technology»-ի բաժնետոմսերը նվազել են 54%-ով, ինչի վրա ազդել են վերլուծաբանների կողմից ընկերության կատարողականության վերաբերյալ վերլուծությունները, որոնք առնչվում էին ընկերության եկամուտների վատ ցուցանիշներին:
Ջուդի Ֆոլկների (7 միլիարդ դոլար) «Epic» ծրագրային ապահովումը օգտագործվում է առաջատար հիվանդանոցների և այլ հաճախորդների կողմից, որոնք գործածում են այն ավելի քան 225 միլիոն հիվանդի մասին բժշկական տեղեկություններ գրանցելու համար: 1979 թ.-ին նա «Epic»-ը հիմնադրել է իր նկուղում: