Ժամանց

Ե՞րբ պլանավորել հանգիստը Եգիպտոսում

Եգիպտոսում զբոսաշրջությունը մեծապես կախված է տարվա եղանակներից: Թեև քչերն են ցանկանում այցելել եգիպտական բուրգերը տեսնելու հուլիսյան և օգոստոսյան տապին, Եգիպտոսի մեղմ ձմեռը այցելուների մեծ ներհոսք է ապահովում, որոնք գալիս են Գիզայի բուրգերով զմայլվելու և Նեղոսով նավարկելու համար: Հոկտեմբերի կեսերից մինչև փետրվար ընկած ժամանակահատվածը համարվում է զբոսաշրջային լավագույն շրջանը Եգիպտոսում: Սա ամենահայտնի սեզոնն է, երբ կարելի է այցելել Հարավային Սինայ կամ Կարմիր ծովի ափեր՝ նոր արկածներ որոնելու կամ ձմռանից փախչելով՝ արևի ճառագայթների տակ տաքանալու համար։

Հարկ է հաշվի առնել, որ ամեն դեպքում խորը ձմռանը Կահիրեում և Ալեքսանդրիայում կարող է ավելի ցուրտ լինել, քան հավանաբար ակնկալվում է: Այնպես որ, պետք է տաք հագուստ էլ վերցնել: Քանի որ սա տուրիստական սեզոնի թեժ ժամանակն է, ապա պետք է ակնկալել, որ կացարանի գները բարձր են, հատկապես՝ Սուրբ Ծնունդի և Նոր տարվա միջև ընկած ժամանակահատվածում։

Մարտ-ապրիլ կամ սեպտեմբեր-հոկտեմբերի կեսերը ընկած ժամանակահատվածը լավագույն ժամանակն է մարդկանց մեծ խմբերից խուսափելու համար: Ուստի այս սեզոնին ճանապարհորդելը հաճախ շահեկան է երկու առումով՝ հիմնական հուշարձանները այնքան էլ լեփ-լեցուն չեն, և սովորաբար կացարան գտնելն ավելի մատչելի է լինում:

Ցերեկային ջերմաստիճանը դեռևս կարող է շատ բարձր լինել մայիս և սեպտեմբեր ամիսներին, այնպես որ այս սեզոնին ճանապարհորդողները, որոնք զգայուն են շոգի նկատմամբ (և ընտանիքները, որոնք ճանապարհորդում են փոքրերի հետ), լավ կանեն, որ պլանավորեն իրենց հանգիստը Եգիպտոսում մարտ, ապրիլ կամ հոկտեմբեր ամիսներին։

Հարկ է նշել նաև, որ գարնանը ժամանակ առ ժամանակ առաջանում են փոշու փոթորիկներ, որոնք կարող են խափանել օդապարիկներով և պարապլանով թռիչքների իրականացման բնականոն ընթացքը:

Եղանակը կտրուկ տաքանում է, երբ միջին ջերմաստիճանը հասնում է 42°C աստիճանի։ Լուքսորի տաճարներն ու դամբարանները բաց են հանրության համար առավոտյան ժամը 6-ից, այնպես որ շուտ արթնանալու դեպքում կարելի է խուսափել կիզիչ շոգին այս վայրերը այցելելուց: 

Ամառը սկսվում է, երբ պրոֆեսիոնալ սուզորդները ուղևորվում են դեպի Շարմ Էլ-Շեյխ և Կարմիր ծովի ափերը: Նրանք պատրաստ են դիմակայել շոգ եղանակին ցամաքում՝ հանգիստ, տաք ջրով ծովի պայմանների ու հրաշալի ստորջրյա տեսանելիության դիմաց: