Չորս նոր գիրք, որոնք կօգնեն ձեզ՝ կտրվել առօրյա հոգսերից և ճնշող իրականությունից՝ ստանալով իսկական գեղագիտական հաճույք:
«Կախարդի ժամը» («Hour of the Witch») գրքում խիստ ու ավանդական բարքերով միջավայրում ապրող երիտասարդ մի կին, որը շատ հավատարիմ է և, միևնույն ժամանակ, հնարամիտ, բայց վախենում է դևերից, որ ապաստան են գտել իր հոգում, ծրագրում է դաժան ամուսնուց իր փախուստը։ Այս կլանող և դինամիկ զարգացող պատմական թրիլերի հեղինակը հայազգի Քրիս Բոհջայանն է, ով «Նյու Յորք Թայմսի» լավագույն վաճառվող հեղինակներից մեկն է՝ իր «Թռիչքի ուղեկցորդուհին» ստեղծագործությամբ: Ի դեպ, 2020թ. վերջինիս հիման վրա HBO ընկերությունը նկարահանեց իր համանուն հեռուստասերիալը:
Պաոլա Ֆոքսի «Հուսահատ բնավորություններ» («Desperate Characters») գիրքը պատմում է Բրուքլինում ապրող Օտտո և Սոֆի Բենթվուդ ամուսնական զույգի մասին, որը, կարծես թե, ունի Ամերիկայի միջին խավին բնորոշ ատրիբուտները՝ չժանգոտվող պողպատից խոհանոցային կահույք, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և այլն: Սակայն նրանց ներդաշնակ կյանքի ընթացքը խաթարվում է, երբ կնոջ ձեռքը կծում է փողոցի կատուն, որը վարակված է լինում: Հայտնվելով այդ դրվագին հաջորդող անհաջողությունների շղթայում՝ ամուսնական զույգը սկսում է բացահայտել իրենց ամուսնական հարաբերություններում եղած խզվածքն ու հասարակության մեջ արմատացած ճեղվածքը, որն, ի վերջո, բերում է նրանց բաժանմանը: Առաջին անգամ այս գիրքը տպագրվել է 1970-ականներին և շատերի կողմից համարվում է ամենատպավորիչ ու ռեալիստիկ ստեղծագործություններից մեկը՝ ետպատերազմյան Ամերիկայում:
Վերա Բոգդանովայի նոր գիրքը՝ «Թունավորված պտուղների սեզոնը» («Сезон отравленных плодов») պատմում է ժամանակակից 30-ամյա երիտասարդ սերնդի մասին, որը մեծացել է Ռուսաստանի 90-ականների քաոսում և 2000-ականների սկզբի ահաբեկչական գործողությունների ժամանակ: Վեպի հերոսները վախենում են ապրել իրենց կյանքով և, առհասարակ, հնարավո՞ր է արդյոք երջանիկ լինել, երբ աշխարհը քո շուրջը պայթում և կործանվում է:
Սառա Մոսի «Լույսի մարմիններ»-ը («Bodies of Light») խորությամբ մշակված հոգեբանական գրվածք է՝ բուռն 19-րդ դարի մասին, որը ներկայացնում է Պրեռաֆայելիտների և վաղ շրջանի սուֆրաժիստների շարժման ժամանակ եղած հասարակական մթնոլորտն ու տրամադրությունները: Այն երկհատորյակի առաջին գիրքն է, և հենց այս գրքի շնորհիվ հեղինակին կարելի է դասել Բրիտանիայի ամենաշնորհալի վիպագիրների շարքին: Այս պատմավեպն աչքի է ընկնում հերոսների բնավորությունների մանրակրկիտ մշակմամբ, որտեղ Մոսը ցուցադրում է իսկական գրողին վայել վարպետություն: