Արդեն գարուն է, և ժամանակն է մտածել՝ ինչպիսի զարդերով եք ընդգծելու ձեր գարնանային ոճային կերպարները: Այս գարնանը, ընդհանուր առմամբ, նկատելի է փոփոխությունը՝ անցած տարիների մինիմալիստական գեղագիտությունից դեպի ավելի մաքսիմալիստական ոճ: Այս նոր ոճն ավելի վառ է և համարձակ՝ թե՛ գույների ընտրության, թե՛ զարդերի չափի ու ձևերի առումով:
Չոկերը՝ վիզը կիպ գրկող շղթան, այս սեզոնի տրենդներից մեկն է: Անկախ նրանից՝ ինչպիսի դիզայն այն ունի՝ ոսկեզօծ, ինչպես Լուի Վիտոնի նոր LV Volt Mesh շղթան, թե ոլորուն, չոկերը համարձակ տեսք կհաղորդի ցանկացած ոճով կերպարի:
Մեծ ականջօղերը միշտ էլ նորաձև են, բայց այս տարի դրանք է՛լ ավելի համարձակ դիզայն են ստացել:
Մյուս տրենդը շքեղ ոսկեզօծ շղթաներն են, որոնք այս տարի համադրվում են, այսպես կոչված, «դոպամինային հագուստի» հետ, որի նպատակն է՝ գույների, ոճի և ֆակտուրայի միջոցով կերպարին ուրախ տրամադրություն հաղորդելը: Այն նաև նոստալգիկ տպավորություն է թողնում՝ հիշեցնելով 90-ականների ոսկյա շղթաները:
Դե, իսկ մյուս տրենդը՝ իր վառ, կենսախինդ գույներով, որոնք կոնֆետներ են հիշեցնում, էներգիայի և ժպիտների իսկական աղբյուր են: Բաց գույնի էմալներից մինչև թանկարժեք քարեր՝ մեծ քարերով զարդերը այս տարի կրկին նորաձև են:
Եվ, վերջապես, ոճային կերպարն ամբողջացնում են դասական, կնքադրոշմի տեսքով ոսկյա մատանիները: Այս տեսակի մատանիները սիրում են կրել թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Թեմատիկ նախընտրությունները նույնպես տարբեր են՝ հորոսկոպի նշաններից, ծննդյան ամսաթվին համապատասխանող քարերից մինչև սկզբնատառեր:
Ահա այս տարվա զարդերի հիմնական տրենդներից մի քանիսը, որոնք ճիշտ համադրելու դեպքում՝ անթերի տեսք կունենաք: