Ժամանց

Զանզիբար. հայերի նոր սիրելի ճամփորդական ուղղությունը

Հայերի շրջանում արձակուրդային ճամփորդությունների համար սիրված ուղղություններ են Եգիպտոսը, ԱՄԷ-ն (հատկապես Դուբայը) և, իհարկե, եվրոպական երկրները: Այս տարի նկատելի է հետաքրքությունը մի նոր զբոսաշրջային ուղղության նկատմամբ՝ Զանզիբարի: Այն կղզիախումբ է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի արևելյան ափի մոտ, և պատկանում է Տանզանիային: Զանզիբարը բաղկացած է 52 կղզյակներից, որոնցից ամենամեծը հենց Զանզիբար է կոչվում, որին հետևում են Բեմբա և ավելի քիչ հայտնի Մաֆիա կղզիներն ու Տումբատուն: Զանզիբար անվանումը գալիս է արաբներից, որոնք այն կոչում էին «սևամորթների երկիր»:

Զանզիբարը հայտնի է մեխակի արտադրությամբ և աշխարհում առաջատար դիրքերում է դրա արտադրության մեջ: Զանզիբարի ընդհանուր բնակչությունը 1 միլիոն է, որոնց մի մասը իսլամ է դավանում, մյուսը՝ քրիստոնեություն և սիկհիզմ: Զանզիբերի տնտեսության մեջ կարևոր դեր ունի գյուղատնտեսությունը: Կոկոսներն ու մեխակները գյուղարտադրանքի հիմնական տեսակներն են: Մարդիկ նաև զբաղվում են ձկնորսությամբ և աշխատում զբոսաշրջության ոլորտում, որը նույնպես կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության համար: 

Զանզիբարը հիմնականում գտնվում է արևադարձային գոտում, տարվա մեծ մասը անձրևային է: Գարնան ամիսներին հորդառատ անձրևներ են տեղում, իսկ նոյեմբերն ու դեկտեմբերը պակաս անձրևոտ են:

Զանզիբարը հիանալի կերպով իր մեջ համադրում է հանգստի համար անփոխարինելի կանաչապատ բնության հմայքը, ծովը՝ ոսկեփայլ ավազով ափերով, և հարուստ մշակութային ժառանգությունը: Արժե նշել մի քանի վայր՝ պարտադիր այցելության համար: 

Օրինակ, Պեմբա կղզին, որը երկրորդն է մեծությամբ և հայտնի է իր ավազաշատ ափերով ու կոկոսներով, մեխակներով, բրնձով և բանաններով: «Ջոզանի Չուակա Բեյ» ազգային պարկը 50 կմ² տարածք զբաղեցնող արգելոց է, որը հիանալի վայր է աֆրիկական ջուգլիներում արկածների սիրահարների համար: Այնտեղ կարելի է տեսնել խիտ և ներհյուսված արևադարձային ծառեր, թփեր ու բազմատեսակ կենդանիներ: 

Զանզիբարի պատմական մասը գտնվում է Սթոուն Թաունում («Քարե քաղաք»), որը կղզու արևմտյան ափին է և ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն հայտնի է իր հնավայրերով, հնագույն շինություններով և հուշարձաններով: «Քարե քաղաք»-ը ներառում է 23 առևտրական համալիր, 50 մզկիթ և երկու եկեղեցի: