Այսօր պոեզիայի համաշխարհային օրն է, որը նշվում է ամեն տարի՝ մարտի 21-ին։ Այս տոնը հռչակվել Է 1999թ․ նոյեմբերի 15-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, Գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի բանաձևում։ Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։
Հայաստանում պոեզիայի համաշխարհային օրը սկսել է նշվել 2010թ․-ից, որին տարեցտարի միանում են նոր մշակութային օջախներ՝ իրականացնելով տարաբնույթ միջացառումներ։ Դպրոցներում, թանգարաններում, գրադարաններում, մշակույթի կենտրոններում և այլուր կազմակերպվում են հանդիպումներ պոետների հետ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, հանրային քննարկումներ և այլն:
Այս գեղեցիկ տոնի առիթով կարող եք ունկնդրել հայ ժամանակակից պոեզիայի նշանակալից դեմքերից մեկի՝ Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» բանաստեղծությունը՝ դերասան Բաբկեն Չոբանյանի ընթերցմամբ: