Ժամանց

Սթինգը «Ռուսներ» երգով կոչ է արել դադարեցնել ուկրաինական պատերազմը

Սթինգը տեսաուղերձով դիմել է իր երկրպագուներին՝ համերաշխության կոչ անելով ծավալվող ռուս-ուկրաինական հակամարտության կապակցությամբ: Նա նշել է, որ «Ռուսներ» երգի ստեղծվելուց ի վեր՝ հազվադեպ է կատարել այն, քանի որ երբևէ չի մտածել, որ այս երգը կշարունակի արդիական լինել: Բայց, հաշվի առնելով խաղաղ, ոչնչով չսպառնացող հարևան երկիր ներխուժելու՝ մի մարդու արյունալի որոշումը, երգը կրկին արդիական է դառնում՝ մարդկայնության իր ուղերձով: Նա հավելել է, որ քաջ ուկրաինացիները պայքարում են այս դաժան բռնապետության դեմ, ինչպես նաև՝ շատ ռուսներ բողոքի ակցիաներ են անում այս վրդովեցուցիչ քայլի դեմ՝ ի հեճուկս իրենց սպառնացող ազատազրկման: «Մենք բոլորս սիրում ենք մեր երեխաներին: Կանգնեցրե՛ք պատերազմը», - այս խոսքերով է ավարտել իր կոչը երգիչ Սթինգն ու հանդես եկել 1986-ին գրված «Ռուսներ» (Russians) երգի կենդանի կատարմամբ: 

The Police երաժշտական խմբի նախկին մենակատարը, Express օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ այս երգը գրվել է՝ ոգեշնչվելով ռուսական մանկական հաղորդումները դիտելուց: Սթինգը մի համալսարանական ընկեր է ունեցել, որ կարողանում էր բռնել ռուսական հեռուստատեսության արբանյակային ազդանշանը, և նրանք գիշերվա այդ ժամին կարողանում էին դիտել միայն ռուսական հեռուստատեսության մանկական հաղորդումը: Սթինգը տպավորված էր ռուսական հաղորդումներում երեխաների նկատմամբ ցուցաբերված հոգատարությունից և ուշադրությունից: Հենց դրանցից էլ ազդված է, հավանաբար, գրել այս երգի նշանավոր տողերից մեկը՝ «հուսամ՝ ռուսները նույնպես սիրում են իրենց երեխաներին»:

Այս երգը հիանալի կերպով արտացոլում է իր ստեղծման ժամանակաշրջանը, երբ մեկ տարի առաջ թողարկվել էր խաղաղասիրական կոչերով համակված «Մենք ենք աշխարհը» (We Are the World) երգը, և երբ ընդամենը մի քանի տարի անց վերջ դրվեց սառը պատերազմի ժամանակաշրջանին: Այսօր՝ միջուկային և երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի ֆոնին, այս կատարումը նոր հնչեղություն է ստանում: 

Եվ մի հետաքրքրական փաստ ևս. երգի թավջութակի հատվածը իրականում վերցված է Սերգեյ Պրոկոֆևի «Լեյտենանտ Կիժե» սյուիտի»: