Ժամանց

Արդյո՞ք հեղուկային սննդակարգն աշխատում է և անվնաս է

Կան բազմատեսակ հեղուկային սննդակարգեր, բայց բոլորն էլ ունեն մեկ ընդհանուր նպատակ․ արագ նվազեցնել քաշը՝ յուրացնելով ավելի քիչ կալորիաներ: Դրանք կարող են լինել և՛ նորաոճ մրգային ու բանջարեղենային ըմպելիքները, որոնք խոստանում են «դետոքսի» միջոցով մաքրել օրգանիզմը, և՛ ցածր կալորիականությամբ շեյքերն ու ապուրները: Բայց մասնագետները նախազգուշացնում են, որ այս ծայրահեղ սննդակարգերը հղի են առողջության համար ռիսկերով և համատեղելի չեն մարդկանց մեծ մասի համար: Այսպես, Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը իր «800 կալորիա՝ օրում» սննդակարգը խորհուրդ է տալիս մարդկանց միայն որոշակի խմբերին, մասնավորապես, գիրությամբ տառապող մարդկանց, որոնք ունեն երկրորդ կարգի շաքարային դիաբետ:

Մրգային ու բանջարեղենային հյութը պարունակում է մեծաքանակ ածխաջրեր և վիտամիններ, բայց շատ քիչ սպիտակուցներ և ճարպեր: Ինչպես նշում է Պլիմուտի համալսարանի սննդաբանության պրոֆեսոր դոկտոր Գաիլ Ռիսը, «դուք ջրազրկված և հյուծված կզգայիք մեկ շաբաթից»: Այն սննդակարգերը, որոնք, սննդարարության իմաստով, հավասարակշռված չեն, չեն կարող տալ օրգանիզմին այն ամենն, ինչ անհրաժեշտ է, և, երկարաժամկետ առումով, կարող են շատ վնասակար լինել:

Երկաթի պաշարները կսպառվեն, որը կանանց շրջանում կարող է բերել անեմիայի, մկանային զանգվածը կկրճատվի, աղիքները, թոքերն ու լյարդը ստիպված կլինեն ավելի ինտենսիվ աշխատել, որպեսզի ապահովեն օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը: Այլ հնարավոր կողմնակի հետևանքների թվում են գլխացավերը, գլխապտույտները, հոգնածության զգացողությունը, փորլուծությունը կամ փորկապությունը: Մրգահյութերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ բնական թթուներ, կարող են նաև վերացնել ատամների էմալը, իսկ կալորիաների պակասը կարող է բերանի խոռոչի անսովոր հոտի պատճառ դառնալ: Հեղուկային սննդակարգով հնարավոր է արագ քաշ կորցնել, բայց ամենամեծ խնդիրը, ըստ Բրիտանիայի Սննդի ասոցիացիայի ներկայացուցիչ տիկին Պիգոտի, կորցրած քաշը «ետ վերադարձն» է, երբ վերադառնում եք նորմալ սննդակարգի: Նա նշում է, որ նորաձև սննդակարգերը «տոքսիկ սննդակարգային մշակույթի» մաս են, որոնք սերմանում են բացասական վերաբերմունք սննդի նկատմամբ և հաճախ բերում քաշի ավելացման, ոչ թե՝ նվազեցման: Նա խորհուրդ է տալիս՝ լսել սեփական օրգանիզմին, վերադառնալ հիմնային սննդին և դնել հասանելի նպատակներ, որոնք կաշխատեն երկարաժամկետ առումով, ոչ թե՝ միայն մեկ շաբաթ:

Քաշի ցիկլավորում 
 
Բրիտանական Սննդաբանության հիմնադրամի դոկտոր Սիմոն Սթինսոնի կարծիքով՝ ծայրահեղ սննդակարգերը կայուն լուծում չեն՝ երկարաժամկետ հեռանկարում քաշից ազատվելու համար, քանի որ կորցրած քաշը, մեծ հավանականությամբ, օրգանիզմի ջրի կամ մկանների հաշվին է լինում:  Այս տեսակի խիստ սննդակարգերը կարող են նաև մեծացնել լեղապարկում քարերի առաջացման վտանգը: Բժիշկ Սթինսոնը նաև զգուշացնում է, որ «քաշի ցիկլավորումը», որը քաշի հաջորդական նվազեցման և ավելացման գործընթաց է, կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի համար:

Ըստ նրա՝ քաշի նվազեցման ավելի լավ տարբերակ է բազմազան և հավասարակշռված սննդակարգը, որը ներառում է շատ մրգեր, բանջարեղեն, հացահատիկային և հատիկաընդեղենային բույսեր, ընկուզեղեն և սերմեր, դրան գումարած՝ օրվա ընթացքում ավելի ակտիվ լինելու միջոցներ գտնելը: Բժիշկ Ռիսը արագ «հեղուկային սննդակարգ»-ի արդյունքի վրա կենտրոնանալու փոխարեն՝ խորհուրդ է տալիս հրաժարվել ալկոհոլից, չիպսերից, թխվածքաբլիթներից և արագ սննդից, որոնք անցանկալի կալորիաների աղբյուր են հանդիսանում: Իսկ եթե ունեք որևէ խրոնիկ առողջական խնդիրներ, միշտ խորհրդակցեք ձեր թերապևտի կամ սննդաբանի հետ՝ մինչ սննդակարգ պահելը: Ճիշտ ձևով և համապատասխան մարդկանց դեպքում հեղուկային սննդակարգը կարող է աշխատել, բայց մեծամասնության համար այն կարող է ավելորդ վտանգների հանգեցնել: