Ժամանց

Ու՞ր գնալ մարտի 8-ին Երևանում. կարճ ուղեցույց

Մարտի 8-ի նախաշեմին հետաքրքիր է ծանոթանալ Երևանում անցկացվող տոնական միջոցառումներին և պլանավորել, թե ինչպես եք անցկացնելու այս տոնական օրը: 

Այսպես, մարտի 8-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կկայանա կանանց միջազգային օրվան նվիրված գալա համերգ՝ «Կանանց հետ, կանանց մասին» խորագրով, որի ընթացքում կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Համերգի երաժշտական ղեկավարը և դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:

Եթե ցանկանում եք անցկացնել տոնական երեկոն անկաշկանդ մթնոլորտում և լիաթոք զվարճանալ, կարող եք ժամը 19:00-ին գնալ «Վիվալդի հոլ»՝ մասնակցելու կայանալիք խելահեղ երեկոյին: Երեկոյի երաժշտական տրամադրությունն ապահովելու է «The Boing Orchestra»-ն, իսկ բարձր տրամադրությունն ու ծիծաղը՝ Մհեր Մխիթարյանն՝ իր սթենդափ ելույթով:

Շարունակելով զվարճալի երեկոյի գաղափարը՝ կարող ենք առաջարկել անցկացնել կանանց տոնը՝ դիտելով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում Հովհաննես Դավթյանի նոր սթենդափ ծրագիրը: Այն տեղի կունենա ժամը 19:30-ին:

Երաժշտական ժամանցը կարելի է կազմակերպել՝ այցելելով Mezzo և Kami ակումբներ: Mezzo-ն առաջարկում է մարտիության երեկոն լցնել անմոռանալի էմոցիաներով, որոնք կապահովեն By The Way, GF Ness խմբերը, իսկ երեկոյի ռիթմերը՝ DJ Alen Hertz-ը: Երեկոյի մեկնարկը կտրվի 21:00-ին:

Իսկ Kami երաժշտական ակումբը ժամը 21:30-ին հրավիրում է կանանց և աղջիկներին՝ գարնան ամենագեղեցիկ, ամենաբուրավետ և սպասված օրն անցկացնել իրենց մոտ՝ մասնակցելով տոնական համերգին՝ Kami Friends Project-ի մասնակցությամբ: 

Բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան այս գարնանային տոնը նշել՝ ունկնդրելով հայկական էստրադայի սիրված երգիչ-երգչուհիների կատարումները, խորհուրդ ենք տալիս 19:00-ին գնալ Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին՝ Սոֆի Մխեյանի, Միհրան Ծառուկյանի, Sona-ի և Գոռ Սուջյանի մասնակցությամբ: Մարտի 8-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երևանցիների սիրելի Ռուբեն Հախվերդյանը կերգի բոլորի և, հատկապես, կանանց համար։

Իսկ եթե ուզում եք մի փոքր լիցքաթափվել՝ լսելով որակյալ ջազային երաժշտություն, ապա Ուլիխանյան ակումբում այդ օրը՝ ժամը 20:30-ին, ելույթ է ունենալու ArmStrong Dixie խումբը: 

Եվ, վերջապես, մշակութային երեկոների սիրահարների համար այս տոնական օրն անցկացնելու հիանալի տարբերակ է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում «Մորգանի խնամին» երաժշտական կատակերգությունը: Ներկայացումը սնանկացած մեծահարուստի մասին է, ով, հեղափոխությունից հետո հայտնվելով Փարիզում, երազում է Մորգանի խնամին դառնալ: Հերոսը ծնողներին խաբում է, թե իբր ամուսնանում է Մորգանի քրոջ աղջկա հետ: Ներկայացման սկիզբը՝ ժամը 19:00-ին: 

Հուսով ենք՝ այս ուղեցույցը կօգնի դարձնել ձեր տոնական երեկոն անմոռանալի և ուրախ՝ պարգևելով կանանց ու աղջիկներին իսկական գարնանային տրամադրություն: