Ժամանց

Ութ տեսարժան վայր՝ Վանաձորում և նրա հարակից ռեգիոնում

Հայաստանը շատ գեղեցիկ տեսարժան վայրեր ունի, որոնք կարող են հետաքրքրել օտարերկրացի և ներգնա զբոսաշրջիկներին։

Լոռու մարզկենտրոն Վանաձորը Հայաստանի՝ մեծությամբ 3-րդ քաղաքն է, նաև՝ Լոռու տնտեսական, արդյունաբերական և կրթամշակութային կենտրոնը։ Վանաձորը համարվում է առողջարանային քաղաք։ Նախկինում քաղաքում գործում էին առողջարաններ, հանգստյան գոտիներ, պանսիոնատներ, ճամբարներ, լեռնադահուկային ուղիներ, ճոպանուղի և այլն։

Քաղաքի ամենահին եկեղեցին Սբ․ Աստվածածին եկեղեցին է։ Մինչ այս եկեղեցու կառուցումը՝ տեղանքում եղել է մեկ այլ եկեղեցի, որի կառուցման տարեթիվը պարզ չէ։ 1826թ․-ի Ղարաքիլիսայի երկրաշարժի հետևանքով եկեղեցին ավերվել է, սակայն հարյուրապետ Փիրուման Թայիրովը հին եկեղեցու քարերը գործածել է նորի կառուցման համար։

Սովետական տարիներին Կիրովականի կենտրոնական հրապարակը կոչվել է Կիրովի անունով՝ ի պատիվ կոմունիստական գործիչ Սերգեյ Կիրովի։ Մինչ ՍՍՀՄ փլուզումը՝ հրապարակի կենտրոնում տեղակայված էր Կիրովի արձանը։ Այժմ հրապարակը կոչվում է Հայքի հրապարակ։ 

Վանաձորի կերպարվեստի թանգարանում ցուցադրվում են 1800 թանգարանային նմուշներ՝ գեղանկարներ, քանդակներ, դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր և այլն։ Դասական կերպարվեստից բացի՝ այստեղ ցուցադրվում է նաև ժամանակակից կերպարվեստը։ Թանգարանում ներկայացվում են Երվանդ Քոչարի, Մհեր Աբեղյանի, Արա Բեքարյանի և այլ արվեստագետների աշխատանքներ։ 

Միջնադարյան վանական համալիրներ Հաղպատը և Սանահինը Վանաձորից 50 կմ հեռավորության վրա են։

Ըստ լեգենդի՝ Սանահինի իշխաններից մեկն իր մոտ է հրավիրում մի ճարտարապետի՝ վանք կառուցելու նպատակով։ Վերջինս գալիս է որդու հետ։ Աշխատանքի ընթացքում հոր և որդու միջև վեճ է ծագում, և որդին թողնում է գործն ու հեռանում։ Ճանապարհին մեկ այլ իշխան վարձում է նրան՝ իր վանքը կառուցելու համար։ Որդու կառուցած պատերն այնքան բարձր են լինում, որ երևում են Սանահինից։ Այս մասին պատմում են ծերունի ճարտարապետին։ Նա որոշում է գնալ և տեսնել որդու արած գործը։ Բոլորը սպասում էին ծերունու գնահատականին։ Վերջապես, նա հրում է պատն ու ասում՝ «ա՜խ, պատ, ամու՛ր պատ»։ Հայր ու որդի հաշտվում են, իսկ վանքն անվանվում է Հաղպատ։ 

Իսկ Սանահին՝ նշանակում է «սա նրանից (Հաղպատից) հին»։ 

Սա է պատճառը, որ վանական համալիրներն այդքան նմանություն ունեն։

Սանահինի վանք տանող ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա, կառուցված է քարե կամուրջ, որը կոչվում է Սանահինի կամուրջ։ Այն կառուցվել է 12-րդ դարի վերջին՝ Իվանե և Զաքարե Զաքարյանների քրոջ՝ Վանենի թագուհու կողմից, ի հիշատակ իր ամուսին Աբաս Բագրատունու։ Կամուրջը կանգուն է մեկ հազարամյակից ավելի, և լավ պահպանվել են ոչ միայն կառույցի երեսպատումը, այլև՝ վայրի կատուների տեսքով քարե զարդանախշերը։ 

Վանաձորում կարելի է վարել նաև ակտիվ հանգիստ։ Հայաստանում ռաֆթինգ իրականացնելու համար հիմնական ու ապահով գետերից մեկը Դեբեդն է։ Ռաֆթինգի ուղևորություններն ուղեկցվում են նաև փոքր արշավներով։ 

Տեսարժան է նաև Վանաձորի բուսաբանական այգին։ Այստեղ կան 1400 տեսակի ծառեր՝ բերված տարբեր երկրներից։ 

Լոռի-Փամբակի Երկրագիտական թանգարանը Լոռու միակ մշակութային կենտրոնն է, որը պահում է մշակութային կապն աշխարհի հետ, նաև՝ ներկայացնում ավելի քան 34 հազար թանգարանային նմուշ։ 

 

Էդիտա Խաչատրյան