«Արմանի»-ի սև զգեստը, որը կրել է Սասեքսի դքսուհի Մեգանը՝ արքայազն Հարիի հետ Օփրա Ուինֆրիի մոտ աղմկահարույց հարցազրույցի ժամանակ, Միացյալ Թագավորության Նորաձևության թանգարանի կողմից ճանաչվել է որպես 2021թ․ «տարվա զգեստ»։ Երկար, եռակի մետաքսե ժորժետ զգեստը՝ լոտոսի ծաղկի ասեղնագործությամբ և համապատասխան գոտիով, «Giorgio Armani»-ի Գարուն/ամառ 2022 Cruise հավաքածուից է և վաճառվում է 4700 դոլարով:
1963թ. ի վեր Նորաձևության թանգարանը հրավիրել է նորաձևության ոլորտի որևէ հայտնի գործչի՝ ընտրելու տարվա զգեստը: «Այսօր հիպերոճավորված փոփ մշակույթի մեջ «Տարվա զգեստն» ունի նաև «տարվա մեմ» դառնալու ներուժ և մենք հատուկ ընտրեցինք Մեգանի և Հարրիի խորհրդանշական հարցազրույցը Օփրայի հետ»,- ասված է թանգարանի հայտարարության մեջ։
Հարցազրույցը, որը հեռարձակվել է CBS-ով՝ ԱՄՆ-ում, և ITV-ով՝ Բրիտանիայում, 2021թ․ մարտին, հեռարձակվել է ևս 70 երկրում և հավաքել մոտ 60 միլիոն հեռուստադիտող: