Ֆրանսիայում հնագետները հայտնաբերել են մի քարանձավ, որտեղ ապրել են նեանդերթալցիները և homo sapiens-ները։ Մարսելից 140 կմ հյուսիս գտնվող Մանդրեն քաղաքում շուրջ 30 տարի տևած պեղումները հետաքրքիր բացահայտման հանգեցին։
Քարանձավից հայտնաբերվել է homo sapiens երեխայի ատամ։ Նույն շերտում հայտնաբերվել են նաև քարե գործիքներ, որոնք նեանդերթալցիները չէին կարող պատրաստել։ Այսինքն, նրանք իսկապես ապրել են քարանձավում, բայց երբեք չեն գտնվել այդտեղ՝ միաժամանակ։ Գտածոն Արևմտյան Եվրոպայում ժամանակակից մարդու գոյության ամենավաղ վկայությունն է համարվում։ ԴՆԹ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նեանդերթալյան մարդն անմիջապես դուրս չի մղվել պատմության ասպարեզից՝ Աֆրիկայից Եվրոպա նրա տեղափոխվելուց հետո, այլ շարունակել է ապրել ժամանակակից մարդկանց հետ՝ մի քանի հազար տարի։ Հայտնաբերվել են նաև մի քանի տեխնոլոգիապես զարգացած գործիքներ, որոնք օգտագործվել եմ մարդու նախնիների կողմից՝ կտրելու և քերծելու համար, նաև՝ որպես նիզակների գլխիկներ։
Հնագիտական արշավախմբի անդամ, Թուլուզի համալսարանի պրոֆեսոր Լյուդովիկ Սելմակը նշում է, որ այժմ հնարավոր է ապացուցել, որ homo sapiens-ը Եվրոպա է մուտք գործել 12.000 տարի ավելի վաղ, քան մինչ այս ընդունված տեսությունից էր հայտնի։ Նեանդերթալցիները Եվրոպայում հայտնվել են 400.000 տարի առաջ և անհետացել 40.000 տարի առաջ, երբ homo sapiens-ը Աֆրիկայից Եվրոպա է մուտք գործել։ Հայտնաբերված գտածոն վկայում է, որ ժամանակակից մարդը Եվրոպա է մտել ավելի վաղ, և նեանդերթալցիներն ու homo sapiens-ը միասին գոյատևել են 10.000 տարի՝ մինչև նեանդերթալցիների անհետացումը։
Բացահայտումը նոր մարտահրավեր է այն տեսությանը, որ ժամանակակից մարդու նախնիներն արագ փոխարինել են նեանդերթալցիներին։ Ուսումնասիրությունը վկայում է, որ երկու տեսակների միջև հազարավոր տարիներ շարունակ պայքար է ընթացել, որտեղ սկզբում առավելություն ունեին նեանդերթալցիները, ապա՝ homo sapiens-ները։ Սակայն երկու տեսակների միջև մշակութային փոխհարաբերությունների վկայություններ չկան։
Նեանդերթալցիների հետ երկարաժամկետ փոխհարաբերությունների մասին վկայող այս բացահայտումը մոտ է նաև 2010թ․ արված հայտնագործությանը, որը ժամանակակից մարդու և նեանդերթալցու ԴՆԹ նմանության մասին է։ Սակայն հետաքրքիր է, թե ինչու են վերացել նեանդերթալցիները։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Homo sapiens-ն ավելի կազմակերպված էր, նրանց սոցիալական խմբերն ավելի մեծ էին, նրանք կարողացան պահպանել փորձն ու հմտությունները, կարող էին դրանք կիրառել և կատարելագործել ապագայում: