Նախորդ տարին Հայաստանում զբոսաշրջությունը բավականին ակտիվ է եղել։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2021թ. Հայաստան է ժամանել 870.308 զբոսաշրջիկ՝ մոտ 510 հազարով ավելի, քան 2020թ.։
Հայաստան ժամանել են ոչ միայն ՌԴ-ից, Վրաստանից ու Իրանից, այլև այնպիսի երկրներից, որոնց հետ, կարելի է ասել, չկան ակտիվ կապեր՝ Ալժիր, Բենին, Սեյշելյան կղզիներ, Ֆիջի, Գաբոն, Մյանմա և այլն։
Տուրիստական գործակալություններից Radar Armenia-ն տեղեկացավ, որ զբոսաշրջիկների նախընտրած հիմնական ուղղություններն են Ծաղկաձորը, Դիլիջանը, Աղվերանը, Գառնին, Գեղարդը, բայց կան նաև զբոսաշրջիկներ, որոնք նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել հենց Երևանում։ Առավել հետաքրքրվում են այն պատմամշակութային կոթողներով և դիտարժան վայրերով, որոնց ծանոթ են համացանցից։ Շատ են այցելությունները Տաթևի վանք, Խոր Վիրապ, Նորավանք, Արենի գյուղ և գինու գործարան։
Տեղեկացանք նաև, որ ռուսաստանցիներին հետաքրքրում է ակտիվ հանգիստը, եվրոպացիներին՝ պասիվ։ Կան նաև էկո-տուրիզմի սիրահարներ։
Շատերը Հայաստան գալիս են նպատակային՝ առողջարարական տուրերից և առողջարաններից օգտվելու համար, և այցելում են Ջերմուկ, Արզնի։