Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին խոսել է տնային պայմաններում կորոնավիրուսային «Omicron» շտամից բուժվելու կանոնների մասին։
Ինչպես նշել է Կոմարովսկին, չի կարելի ինքնուրույն ընդունել հակաբիոտիկներ և այլ լուրջ դեղամիջոցներ. «Նախ, հաստատ անկողնային ռեժիմ պետք չէ։ Եթե կա թուլություն, վատ եք զգում և ցանկանում եք պառկել, իհարկե, պառկեք: Բայց եթե կարող եք վեր կենալ և քայլել, ապա պետք է շարժվել։ Ավելին, մի պառկեք նույն դիրքով։ Եթե ուտելու ցանկություն չունեք, մի կերեք։ Եթե ցանկանում եք, ապա կերեք ինչ-որ թեթև բան։ Պետք է անպայման շատ խմել. անկախ նրանից՝ ուզում եք, թե ոչ։ Դա ազդում է արյան և թքի մածուցիկության վրա», - նշել է բժիշկը։ Ըստ Կոմարովսկու՝ ավելի լավ է օգտագործել մարմնի ջերմաստիճանին համապատասխանող հեղուկներ:
Կորոնավիրուսի օմիկրոնի շտամը կամ B.1.1.529-ը հայտնաբերվել է նոյեմբերին՝ Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում: Մասնագետների կարծիքով՝ հիվանդացածներն ու պատվաստվածները կարող են վարակվել դրանով։ Շտամը արդեն հայտնաբերվել է 142 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: Այն ավելի արագ է տարածվում, քան նախորդ՝ «Դելտա» շտամը։