Մշակույթ

ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը 81 տարեկան է

ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը 81 տարեկան է

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան օրն է:

Նիկոլայ Ծատուրյանը ծնվել է 1945 թ.-ի հունվարի 8-ին Երևանում։ Սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը (ղեկ.՝ Վարդան Աճեմյան), վարպետաց դասեր է ստացել Մոսկվայում (ուսանել է Անդրեյ Տարկովսկու, Սիմյոն Թումանովի և Գեորգի Դանելիայի մոտ)։

Նիկոլայ Ծատուրյանն աշխատել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ՝ հանդիսանալով նաև «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և «Ժայռ» ֆիլմերի երկրորդ ռեժիսոր։ Որպես ստաժոր՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայում աշխատել է նաև Յուլի Ռայզմանի ֆիլմում։
Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Նիկոլայ Ծատուրյանն աշխատել է որպես ռեժիսոր՝ բեմադրելով շուրջ 25 ներկայացումներ․ լավագույններից են Վ. Դավթյանի «Ծիրանի ծառը», Վ. Սարոյանի «Ձեր կյանքի ժամերը», Ա. Օստրովսկու «Կատաղի փողերը», Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», Մ. Շատրովի «Կապույտ նժույգները կարմիր մարգագետնի վրա», Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլն։

Նա դասավանդել է նաև Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում, 1992-2004 թթ. աշխատել Երևանի «Մետրո» թատրոնում՝ որպես ռեժիսոր։ Այդ տարիների լավագույն բեմադրություններից են Ա. Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ», Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ», Մ. Պանյոլի «Տոպազ», Հ. Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» ներկայացումները։

Նա բեմադրություններ է իրականացրել նաև Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Բեյրութում և Նյու Յորքում։ Շուրջ 20 տարի համագործակցել է Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ՝ բեմադրելով 22 ներկայացումներ։
Նկարահանվել է «Պատահար» և «Ընկեր Փանջունի» ֆիլմերում (ռեժ.՝ Ա. Մանարյան): Նիկոլայ Ծատուրյանը երկար տարիներ եղել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 2014 թ.-ից մինչ օրս նույն թատրոնի գեղարվեստական խորհրդատուն է։
Լավագույն բեմադրություններն են՝ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա», Ֆ. Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը», Ա. Քալանթարյանի «Բումերանգը», Կ. Խոդիկյանի «Ինչպես կինը փախավ տնից», Հ. Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», Գ. Սունդուկյանի «Փուղի զորութինը», Վ. Կրասնագորովի «Սիրո Casting», Ս. Կոսյանի «Թռիչքը», Ու․ Գիբսոնի «Հրաշագործը», Ա. Աղասարյանի «Երեք անունով մի աղջիկը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորում է վաստակաշատ ռեժիսորին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում առողջություն, նոր բեմադրություններ և ստեղծագործական ներշնչումներ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական