Մշակույթ

Թանգարանները կունենան խանութ՝ հուշանվերային արտադրանքով

Թանգարանները կունենան խանութ՝ հուշանվերային արտադրանքով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Թանգարանների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, խորհրդի անդամները, նախարարության ոլորտային ստորաբաժանման պատասխանատուները:

Թանգարանների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների հուշանվերային արտադրանքի կազմակերպման և իրացման հարցը:

Խորհրդի անդամները քննարկել են Հայաստանի պատմության թանգարանի հուշանվերային խանութի մոդելն ու դրա առանձնահատկությունները: Նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ թանգարանում հուշանվերների վաճառքի կազմակերպումը որևէ կերպ պետք է չխաթարի թանգարանի՝ որպես հուշարձանի պատմամշակութային արժեքը:

Ըստ ներկայացված մոդելի՝ թանգարանային խանութը լինելու է հիմնական ցուցադրության տրամաբանական շարունակությունը՝ համապատասխան ձևաչափով:

Հանդիպմանը քննարկվել են նաև հուշանվերային արտադրանքի, որպես հուշանվեր թանգարանային ցուցանմուշների կրկնօրինակման, համապատասխան կահավորման, այցելուների հետ աշխատանքի և կազմակերպական այլ գործընթացների վերաբերյալ հարցեր:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական