Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Վարդան Ավետյանի բանաստեղծական աշխարհը» հոբելյանական ցուցահանդեսի բացումը։ Հրավիրում են բոլորին։
Վարդան Ավետյանի աշխատանքների ժանրային ընդգրկումը բավականին լայն է` դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, կոմպոզիցիոն կտավներ, սակայն ամենասիրած ժանրը բնանկարն է, որն էլ մեծ տեղ էգրավում նրա ստեղծագործության մեջ: Հավատարիմ մնալով բնության «թելադրած» գույներին ու նրբերանգներին, նա կարողանում է բնանկարը հագեցնել իրականի զգացողությամբ, պատկերը դարձնել հավաստի:
Նկարիչը սիրում է իր հայրենիքը, հարազատ Ջերմուկ քաղաքը: Հաճախ է լինում բնության մեջ, ունկնդրում նրա ձայնը, սովորում նրանից: Ավետյանն ինքն էլ այդ բնության զավակն է՝ անսահման սիրով կապված իր հայրենիքին, իր հողին ու ջրին: Նկարիչը պարզ հայացքով է նայում կյանքին, աշխարհին, հարազատ երկրին, որի բնությունը յուրօրինակ արտահայտություն է գտել իր բնանկարներում:
Ավետյանին գրավում է ոչ միայն Հայաստանի բնության գեղեցկությունը, այլև նրա գաղտնախորհուրդ լռությունը, գունային հարստությունն ու տեղանքի անկրկնելիությունը: Արվեստագետը ոչ թե պարզապես նկարում է բնությունը, այլ իմաստավորում է այն՝ կտավին փոխանցելով անմիջական զգացումներն ու ապրումները, ուշադրությունն ուղղելով գլխավորապես բնանկարի արտահայտչականության և գույների հնչեղության վրա:
Ավետյանի բնանկարները հուզմունքով և սիրով ստեղծված գործեր են, որոնց տաք, բոցավառ գույներն իրենց մեջ ամփոփում են հեղինակի զգացումների շիկացումը: Նա տրամադրություն ստեղծող բնանկարի վարպետէ, որի կտավներին բնորոշ լռությունը, խաղաղությունը, հեքիաթային գեղեցկությունը կախարդում են դիտողին և ընդմիշտ դարձնում նրա արվեստի երկրպագուն: