Նկարիչների միությունում բացվել է ճանաչված արվեստագետ, նկարիչ, ավանգարդիստ Արման Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Այն կգործի մինչև նոյեմբերի 25-ը:
Սա երջանկահիշատակ արվեստագետի մահվանից հետո առաջին ցուցահանդեսն է։ Արման Գրիգորյանը մահացավ այս տարվա մայիսի 15-ին 60 տարեկան հասակում։
Ցուցահանդեսը ներկայացնում է Արման Գրիգորյանի կողմից ընկերներին նվիրած, իր արվեստանոցում եղած, նաև արխիվային նյութեր որոնք մանիֆեստացնում են երիտասարդական ոգևորիչ ներուժը:
Արման Գրիգորյանը ժամանակակից արվեստի վառ ներկայացուցիչներից մեկն էր։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նորարար մոտեցումներով և համարձակ արվեստագիտական փնտրտուքներով։ Որպես «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիր՝ նա եղել է ժամանակակից հայ արվեստի ձևավորման ակտիվ մասնակից՝ նպաստելով ազատ ստեղծագործական մտքի տարածմանն ու զարգացմանը։
Նշանակալի է նաև Արման Գրիգորյանի դերը արվեստի կրթության ոլորտում․ նա տարիներ շարունակ իր գիտելիքն ու փորձը փոխանցել է սերունդներին՝ կրթելով արվեստագետների նոր սերունդ։