Ալժիրցի հայտնի գրող, 81-ամյա Բուալեմ Սանսալը Ֆրանսիա է ժամանել Գերմանիայից, որտեղ բուժում էր անցնում։
Անցած շաբաթ նա ազատ է արձակվել Ալժիրի և Գերմանիայի միջև բանակցությունների արդյունքում։
Սանսալի ձերբակալությունը նրա կողմնակիցները համարում էին Արևմտյան Սահարայի ինքնիշխանության շուրջ վեճի հետ Ալժիր-Ֆրանսիա քաղաքական լարվածության հետևանք։ Այդ վեճում Փարիզը աջակցում է Ալժիրի հյուսիսաֆրիկյան մրցակից Մարոկկոյի դիրքորոշմանը։
2024 թ. հոկտեմբերին Սանսալը ֆրանսիական ծայրահեղ աջ լրատվամիջոցին հայտարարել էր, որ Ֆրանսիան գաղութային շրջանում (1830–1962 թթ.) Ալժիրին անարդարացիորեն մարոկկական տարածքներ է հանձնել։
Անցած տարվա նոյեմբերին Ֆրանսիայից Ալժիր ժամանալուց անմիջապես հետո նա ձերբակալվել է. Ալժիրի դատարանը Սանսալին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման՝ մեղադրելով երկրի տարածքային ամբողջականությունը խարխլելու մեջ։
Ֆրանսիայի նախագահի վարչակազմի տեղեկություններով՝ Փարիզ ժամանելուն պես Սանսալին Ելիսեյան պալատում անձամբ ընդունել է նախագահ Էմանուել Մակրոնը։
Սանսալի ազատ արձակման համար պայքարող կոմիտեն հայտարարություն է տարածել. «Խոր հուզմունքով ողջունում ենք մեր ընկերոջ և հայրենակցի վերադարձը Ֆրանսիա։ Հիմա գրողն ինքը կորոշի, թե երբ և ինչպես արտահայտվի»։
Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի «մարդասիրական քայլ» կատարելու կոչից հետո՝ հաշվի առնելով գրողի ծանր առողջական վիճակը Սանսալին ներում էր շնորհել։