Լոս Անջելեսում ավարտվել է անկախ կինոյին նվիրված Arpa International Film Festival-ը, որը գործում է 1997 թվականից և համարվում է անկախ, մշակութային ու բազմազան թեմաներով ֆիլմերի կարևոր հարթակ միջազգային կինոհանձնաժողովների համար։ Եռօրյա փառատոնում այս տարի ընդգրկված էր 18 երկրից ընտրված 49 ֆիլմ։
Փառատոնի գլխավոր ցուցադրություններից էր «Շաքար» (Shakkar) ֆիլմը, որի ստեղծագործական խմբում առանցքային դեր ունի ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի դերասանուհի Մարիամ Վարդանյանը։
Վարդանյանը ոչ միայն ֆիլմի գլխավոր դերակատարներից է, այլև` ֆիլմի սցենարի համահեղինակն ու համապրոդյուսերը։ Ռեժիսորն է Նասիմ Քիայիանը (Nasim Kiani)։ Կինոնկարի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում՝ Վարդանյանի ծննդավայր Գյումրիում։
Ֆիլմի պատմությունը կենտրոնանում է մի կնոջ շուրջ, որը փորձում է պաշտպանել Արա անունով փոքրիկ տղային՝ տեղեկանալով, որ նրա հորեղբայր Օսվալդը վտանգ է ներկայացնում երեխայի համար։ Դրամատիկ պատմությունը ուսումնասիրում է ինքնազոհության, ընտանեկան կապերի, անձնական ռիսկի և պատասխանատվության թեմաները՝ ներկայացնելով մարդկային փոխհարաբերությունների բարդ ու խորը շերտերը։ Ֆիլմի տևողությունը 1 ժամ 37 րոպե է։
«Շաքար» ֆիլմը ներառվել է Arpa International Film Festival-ի պաշտոնական ծրագրում՝ մրցանակաբաշխության նախնական հայտով։ Ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել TCL Chinese Theatre-ում՝ փառատոնի շրջանակներում։