ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում իրականացվել է «Երկեր և երգեր» նախագիծը։
Այդ մասին հայտնում են նախարարությունից։
Միջոցառումների շրջանակում Գյումրու Ավ․Իսահակյանի հուշատուն-թանգարանում ամփոփվել է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովը՝ ներկայացվել են գիտական զեկույցներ, տեղի են ունեցել գրական քննարկումներ, թատերական ընթերցումներ, հանրության համար հասանելի են եղել մանկական, երիտասարդական և նկարչական հարթակներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջայց են կատարել թանգարանում, հետևել գիտաժողովի ընթացքին:
Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հոբելյանական տարին նախաձեռնելիս բավարար ճկուն լինելու հանգամանքը՝ տարբեր մեթոդներով և զանազան հարթակներում տեսանելի դարձնելու մեծանուն արվեստագետներին՝ այդպիսով ապրեցնելով նրանց ժառանգությունը:
«Խոսելով մեր մեծերի կարևոր գաղափարների և ուղերձների մասին՝ գիտաժողովը հնարավորություն է տալիս վերլուծել, քննարկել, համադրել և տեսնել նաև առնչություններ մեր օրերի հետ: Ուրախ եմ, որ թանգարանները նաև դառնում են կենդանի խոսքի, շփման և երկխոսության միջավայրեր»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին և հաջողություն մաղթելով գիտաժողովի մասնակիցներին:
«Երկեր և երգեր» նախագծի շրջանակում Գյումրու Թատերական հրապարակում կայացել է նաև «Իսահակյանը՝ երգերի մեջ» համերգը: Ելույթ է ունեցել Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը, որը ներկայացրել է Իսահակյանի խոսքերով գրված և հատուկ նվագախմբի համար մշակված ստեղծագործություններ։
Ծրագիրն իրականացրել է «Այ-Լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը: