ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այսօր կազմակերպել է «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա խորհրդաժողով, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ իրականացված մի շարք ծրագրերի վերաբերյալ:
Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի, ենթահամակարգերի, «Իթվինինգ» ծրագրի առաջընթացի, կրթական համակարգում արհեստական բանականության ներդրման, հեռավար ուսուցման հարթակի առանձնահատկությունները, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ֆինանսավորման բանաձևի թվայնացման արդյունքները:
Ողջունելով ներկաներին և կարևորելով հանդիպման ձևաչափը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթության ոլորտի թվայնացման գործընթացին՝ ընդգծելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաները մի կողմից բացում են նոր հնարավորություններ, մյուս կողմից՝ առաջ բերում նոր մարտահրավերներ: «Մենք ունենք կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ որպես բազմազան տվյալների մի ամբողջություն: Մեր առաջնային խնդիրն է հասկանալ՝ ինչպես ենք այդ տվյալներն օգտագործում, ինչքանով են դրանք կիրառվում քաղաքականության մշակման, որոշումների կայացման գործընթացներում: Կարևոր է նաև, թե ինչպես են այդ տվյալները նպաստում կոնկրետ իրավիճակների մասին ավելի խորքային տեղեկատվություն ստանալու, արդյունավետ բանաձևեր գտնելու առումով: Տեղեկատվական համակարգի գործածումը մի կողմից օգնում է, որ աշխատանքը դառնա ավելի թափանցիկ և հաշվետվողական, մյուս կողմից՝ բազմաթիվ խնդիրներ է բացահայտում՝ ՏՏ գործիքների՝ տարրական մակարդակի տիրապետումից մինչև դպրոցի կառավարման հետ կապված խորքային խնդիրներ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս ուղղությամբ հավելյալ վերապատրաստումների և աջակցության կարիք կա:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կրթության մեջ արհեստական բանականության կիրառմանը՝ նշելով, որ աշխատանքներ են իրականացվում արհեստական բանականությունն ուսուցման բովանդակության մեջ ընդգրկելու, ինչպես նաև կրթության կառավարման ոլորտում ներդնելու ուղղությամբ: Առաջին բաղադրիչը, ըստ նրա, արհեստական բանականության ընկալումն է՝ հստակ մեթոդական ուղեցույցով ու կարգավորումներով՝ աջակցելու սովորողներին և ուսուցիչներին, որպեսզի դասավանդման և սովորելու գործընթացները դառնան ավելի դյուրին և ստեղծագործական։
«Արհեստական բանականության ներդնումը կրթության գործընթացում անհրաժեշտություն է՝ որպես կրթական բովանդակության, մասնավորապես՝ թվային գրագիտության և համակարգչային գիտության բնագավառի առարկայական ծրագրի անբաժանելի մաս»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ աշխատանքներ են իրականացվում՝ արհեստական բանականությունն իբրև առանձին մասնագիտական կողմնորոշում ներդնելու ուղղությամբ:
Երրորդ բաղադրիչը, ըստ նախարարի, արհեստական բանականությունն իբրև կրթության կառավարման գործիք ներդնելն է. «Այստեղ կարևոր է, որ նույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգում եղած տվյալների վերլուծության, որոշումների կայացման գործընթացում օգտագործվեն ԱԲ գործիքակազմերը, իհարկե, գրագետ, խելացի ու մտածված, որովհետև դրանք ընդամենը գործիքներ են, որոնց օգտակարության աստիճանը մեզնից ու մեր կարողություններից է կախված»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հեռավար ուսուցմանը՝ ընդգծելով, որ այն թույլ է տալիս կրթության հասանելիություն ապահովել հազարավոր երեխաների համար, որոնք տվյալ պահին զրկված են այդ հնարավորությունից՝ համապատասխան մասնագետ չլինելու կամ այլ պատճառով: «Սա գուցե լավագույն տարբերակը չէ, և զուգահեռ շարունակում ենք աշխատել, որպեսզի առաջնային բոլոր դպրոցներում կարողանանք ապահովել ուսուցիչների ֆիզիկական ներկայությունը։ Կարևոր է նաև կիսվել հեռավար կրթության ծրագրի իրականացման փորձով, վերլուծել արդյունքները՝ հետագա առաջընթացի և զարգացման համար»,- ասել է նախարարը՝ հաջող ընթացք մաղթելով աշխատաժողովին:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ԿՏԱԿ-ի տնօրենի տեղակալ Արմեն Կուլախսզյանը, ԿՏԱԿ-ի մարզային համակարգողները, ինչպես նաև մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Խորհրդաժողովի բանախոսները ներկայացրել են «Պաշարների շտեմարանի», «Իթվինինգի», ՏՀՏ հեռավար վերապատրաստումների, կառավարման գործիքների հնարավորությունները, դրանց կիրառմամբ ձեռք բերված տվյալները:
Ներկաները բանախոսներին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ծավալվել է շահագրգիռ քննարկում: