Մշակույթ

Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը բացված է

Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը բացված է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանն ազդարարվել է «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնով, որի ընթացքում դասական երաժշտության սիրահարներին կներկայացվի սիմֆոնիկ համերգների շարք։

Առաջին համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ողջունելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի մեկնարկը՝ նախարարն ընդգծել է՝ հանդիսատեսը նշանակալի ծրագրի է ականատես լինելու ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ակտիվորեն հյուրախաղերի է մեկնում ամենատարբեր երկրներ: Առաջիկայում հյուրախաղեր են լինելու Գերմանիայում, Միջին Արևելքի երկրներում: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն արդեն նշանակալի իրադարձություն է դարձել Չինաստանում։ Առանձնահատուկ հպարտություն է, որ մեր հանդիսատեսը կարող է վայելել բարձրորակ երաժշտություն, մեր երկիր այցելած զբոսաշրջիկները կարող են ունկնդրել այն բարձր արվեստը, որը հնչում է նաև միջազգային բեմերից, ամենահեղինակավոր փառատոներում։

Հատկապես ուրախ եմ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, շարունակելով ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացման պետական քաղաքականությունը, համերգներ կունենա Լոռիում, Շիրակում, Սյունիքում, Վայոց ձորում: Վստահ եմ՝ մարզային բնակավայրերի քաղաքացիները մեծ անհամբերությամբ սպասելու են այս համերգներին: Բարձր մշակույթը մարզեր տանելու հետևողական քաղաքականությունը շարունակական է. Հայաստանի յուրաքանչյուր բնակավայր դառնում է մշակութային կյանքի կենտրոն, և սիմֆոնիկ նվագախումբը դրա ակտիվ մասնակիցն է։

Առանձնահատուկ կարևոր է նաև հանգամանքը, որ սիմֆոնիկ նվագախումբը մեծ ուշադրություն է դարձնում հայ կոմպոզիտորների գործերի կատարմանը։ Նվագախումբը նաև ձայնագրում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ պահպանելով, հանրահռչակելով և տարածելով հայ դասական երաժշտությունն ու արվեստը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կատարած աշխատանքի համար:

«Արմենիա» փառատոնի առաջին համերգի ընթացքում երաժշտասերներն ունկնդրել են Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը` ջութակահար Դարիուս Պրոյսի մենակատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, ինչպես նաև Խաչատրյանի այլ ստեղծագործություններ։ Հնչել են նաև անվանի հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։

Փառատոնի հաջորդ համերգները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին, 30-ին և հոկտեմբերի 6-ին։ Ելույթ կունենան դաշնակահար Օլգա Շեպսը, դաշնակահար և դիրիժոր Էպիֆանիո Կոմիսը և ֆլեյտահար Տոմազո Բենչոլինին։ Համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, հրավիրյալ դիրիժորներ Էպիֆանիո Կոմիսը և Նի Ֆանը։

Համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա ավանդական փառատոներով, որոնք ունկնդրի կողմից սիրված են։

Նախատեսված են նաև նոր ձայնագրությունների թողարկումներ և համագործակցություններ, համերգային հյուրախաղեր։ Մասնավորապես՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական՝ 20-րդ համերգաշրջանը կնշանավորվի դեպի Գերմանիա աննախադեպ շրջագայությամբ։ Նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 2-ը Գերմանիայի 15 քաղաքների հայտնի համերգասրահների հրավերով նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հանդես կգա անվանի արտիստների հետ՝ ներկայացնելով հայ կատարողական և կոմպոզիտորական արվեստն ու դասական երաժշտության գլուխգործոցները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական