Ռուսաստանից հեռանալուց հետո աշխարհահռչակ երգչուհի Ալլա Պուգաչովան առաջին անգամ մեծ հարցազրույց է տվել։ Նրա խոսակցության հիմնական թեման եղել է Ուկրաինայի դեմ պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանից մեկնելու որոշումն ու ընթացիկ իրադարձությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը։
Պուգաչովան նշել է, որ հեռանալու որոշումը կայացրել է աստիճանաբար։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն անձամբ դիմել է իրեն՝ հորդորելով չանհանգստանալ։ «Ես նույնիսկ հավատացի նրան, բայց ընդամենը երկու օր անց Գալկինին ճանաչեցին օտարերկրյա գործակալ», – ասել է երգչուհին։
Նրա խոսքերով՝ «Խիղճ հասկացողությունն ավելի թանկ է, քան փառքը, շքեղությունը, քան ամեն ինչ։ Հայրենիքին ասել, որ սխալվում է, դա է իսկական հայրենասիրությունը»։
Երգչուհին պատմել է նաև, որ ժամանակին եղել է Վլադիմիր Պուտինի կողմնակիցը և սատարել նրան։ «Նա զարմանալիորեն ճիշտ բաներ էր ասում, նույնիսկ Ուկրաինայի մասին։ Ամեն ինչ, ինչ ես մտածում էի, նա արտահայտում էր», – նշել է Պուգաչովան։ Սակայն «Կուրսկ» սուզանավի ողբերգությունից հետո, ըստ նրա, վերաբերմունքը փոխվել է։
Հարցազրույցի ավարտին Պուգաչովան, մի քանի անգամ չկարողանալով զսպել արցունքները, դիմել է իր երկրպագուներին՝ անկախ նրանց գտնվելու վայրից։
«Սովորեք ձգտել դեպի լավը, բարին, գեղեցիկը։ Ոչինչ պետք չէ քանդել, պետք է ստեղծել։ Աղոթեք խաղաղության համար, և ոչ թե վայելեք պատերազմը», – ասել է նա։