Մշակույթ

Ես չեմ խոսում հայերեն. այսօր Դովլաթովի ծննդյան օրն է

Ես չեմ խոսում հայերեն. այսօր Դովլաթովի ծննդյան օրն է

Այսօր հայազգի նշանավոր գրող Սերգեյ Դովլաթովի ծննդյան օրն է․ նա կդառնար 84 տարեկան։

Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 3-ին Ուֆայում։ Մայրը՝ Նորա Դովլաթովան, հայ էր, թարգմանիչ և խմբագիր, իսկ հայրը՝ Դոնատ Մեչիկը, հրեա թատերական ռեժիսոր։ Երիտասարդ տարիներին Դովլաթովը սովորել է Լենինգրադի պետական համալսարանում, ծառայել խորհրդային ճամբարներում՝ որպես պահակ, և այդ փորձառությունը հետագայում դարձավ նրա գրականության հիմքերից։

ԽՍՀՄ խիստ գրաքննության պայմաններում նրա գործերը գրեթե չէին հրատարակվում։ Դովլաթովը որոշ ժամանակ ապրել է Լենինգրադում, այնուհետև երեք տարի՝ Էստոնիայում։ 1979 թվականին նա արտագաղթեց Միացյալ Նահանգներ։ Նյու Յորքում Դովլաթովի պատմվածքներն ու գրքերը տպագրվեցին ոչ միայն ռուսերեն, այլև միջազգային մամուլում, այդ թվում՝ The New Yorker-ում։ Նրա գործերը թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով։ Դովլաթովը համարվում է ամենաընթերցվող և ամենաշատ հրատարակվող ռուս գրողներից, իսկ արտասահմանում, Իոսիֆ Բրոդսկու և Ալեքսանդր Սոլժենիցինի կողքին, դասվում է 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի ռուսալեզու հեղինակների շարքին։

Գրողը առանձնանում էր իր ինքնակենսագրական հումորով և սուր դիտարկումներով՝ պատկերելով խորհրդային իրականության դաժան, ծիծաղելի և հաճախ բացարձակ անհեթեթ կողմերը։

Սերգեյ Դովլաթովը մահացել է 1990 թվականի օգոստոսի 24-ին՝ Նյու Յորքում, թողնելով հարուստ գրական ժառանգություն։ Հայկական արմատների մասին նա առավել տեսանելի է գրել «Մերոնք» պատմվածաշարում և «Մի ժամանակ մենք ապրում էինք լեռներում» ստեղծագործության մեջ։

Իր հարցազրույցներից մեկում Դովլաթովը խոստովանել է․

«Ես գիտեմ՝ ոմանց դա կթվա սարսափելի խայտառակություն, բայց ես երբեք չեմ ունեցել այն զգացումը, թե պատկանում եմ որևէ ազգության։ Ես չեմ խոսում հայերեն։ Մյուս կողմից, եբրայերեն նույնպես չեմ խոսում և ինձ յուրային չեմ զգում հրեական միջավայրում։ Մինչև վերջերս հայերի դժբախտություններին նայում էի այնպես, ինչպես աշխարհի ցանկացած այլ ազգի դժբախտությանը՝ հնդիկների, չինացիների… Բայց մի գրական կոնֆերանսում ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ։ Նա բոլորովին նման չէ ինձ․ իսկական հայ է, խենթանում է իր հայրենիքում կատարվող ամեն ինչից։ Նա ամաչկոտ է, անկեղծ, բարի, գրեթե հրեշտակային մարդ։ Մտերմանալով նրա հետ՝ ես կարծես սկսեցի նայել նրա աչքերով։ Երբ կարդում էի հայկական իրադարձությունների մասին, պատկերացնում էի՝ ի՞նչ է հիմա զգում Մաթևոսյանը։ Այսպես, նրա հանդեպ ունեցած սիրով իմ մեջ ծնվեցին ինչ-որ հայկական զգացմունքներ»։

Radar Armenia-ն ներկայացնում է մեջբերումներ Դովլաթովի ստեղծագործություններից.

- Կնոջ հետ զրույցում մի ցավալի պահ կա. դու փաստեր, փաստարկներ ես բերում։ Դիմում ես տրամաբանությանը և ողջախոհությանը։ Եվ հանկարծ հայտնաբերում ես, որ նրան զզվելի է անգամ քո ձայնը։

- Մարդկանց մեծ մասն անլուծելի է համարում այն ​​խնդիրները, որոնց լուծումն իրեն չի բավարարում։

- Մարդը սովոր է ինքն իրեն հարցնել՝ ո՞վ եմ ես։ Լինի գիտնական, ամերիկացի, վարորդ, հրեա, ներգաղթյալ... Բայց պետք է միշտ ինքդ քեզ հարցնես՝ հո կե՞ղտ չեմ ես։

- Մենք անվերջ կշտամբում ենք ընկեր Ստալինին։ Եվ, այնուամենայնիվ, ուզում եմ հարցնել՝ ո՞վ է գրել այդ չորս միլիոն մատնությունը։

- Գիտե՞ս, թե որն է ամենակարևորը կյանքում: Գլխավորն այն է, որ կյանքը մեկն է։ Անցավ րոպեն ու վերջ։ Չի լինի ուրիշը...

- Չկա ավելի մեծ ողբերգություն տղամարդու համար, քան բնավորության իսպառ բացակայությունը:

- «- Քո թշնամիները էժան պորտվեյնն ու շիկահեր կանայք են։

  - Ուրեմն ես իսկական քրիստոնյա եմ։ Քանի որ Քրիստոսը մեզ սովորեցրել է սիրել մեր թշնամիներին»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական